Հասարակություն

Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրաժարվել է իրավաբանական օգնություն ցույց տալ

ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Հրանտ Անանյանը հրաժարվել է նրան իրավաբանական օգնություն ցույց տալ:

«Երեկ Վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ այդ տեղեկացված չեմ եղել, անգամ նախաքննության մարմինը նման կասկածանք առաջադրած չի եղել և նյութ չի տրամադրել։ Ներկա պայմաններում նպատակահարմար չեմ գտնում այլևս շարունակելու իրականացնել Մ.Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցույց տալը, և իմ առաջարկությամբ Մ.Գրիգորյանի համաձայնությամբ (ինչն օրենքով պարտադիր է) նախաքննության մարմինը քիչ առաջ արձանագրեց այդ փաստը, և ես դադարել եմ նրա պաշտպանը լինելուց»,- ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Հ. Անանյանը։

Նշենք, որ  Մանվել Գրիգորյանը  հունիսի 16-ին ձերբակալվել է  ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Երեկ ԱԱԾ-ն հաղորդեց, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:

Ցուցադրել ավելի
Back to top button