ԿարևորՔաղաքական

Պատգամավորների արձագանքը ԱԱԾ սկանդալային բացահայտումներին

ԱԱԾ բացահայտումների արձագանքը Աժ-ում. ինչպես են պատգամավորները գնահատում իրենց գործընկերոջ քայլը եւ ինչպես են վաղը քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով:

Աղմկահարույց բացահայտումը շատերը գնահատում են իբրեւ ծանր հարված հանրապետականներին, բայց հանրապետականներն չեն ընդունում իրենց կապը Մանվել Գրիգորյանի հետ:

Խորը ցավ, զայրույթ, վրդովմունք, հիասթափություն եւ ապշանք. այս բոլոր ձեւակերպումները հանրապետականներն այսօր արդեն օգտագործում են գեներալ Մանվել Գրիգորյանին առնչվող ԱԱԾ բացահայտումների մասին խոսելիս:

Նույն ձեւակերպումները կան նաեւ կուսակցության հայտարարության մեջ՝ ամբողջական քննության կողմնակից են առանց իրավապահների գործողություններին միջամտելու: Կուսակցության մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին դժվար էր այսօրվա ամենաթեժ թեմայի շուրջ խոսել լրագրողների հետ: Վստահեցնում է՝ իշխանության վերին օղակներում տեղյակ չեն եղել իրավիճակից:

Թեեւ գեներալ Մանվել Գրիգորյանը դեռեւս Հանրապետական խմբակցության անդամ է, բայց կողմերն արդեն հասցրել են իրարից հրաժարվել: «Թավշյա» հեղափոխության առաջին իսկ օրերին առաջինը Գրիգորյանն էր, որ հայտարարեց՝ «հանրապետական կուսակցության հետ կապ չունի»: Ի դեմս Շարմազանովի՝ հանրապետականները հստակ կարծիք ունեն, թե ով է զինվորի հացը գողացողն առհասարակ:

Խորհրդարանում տիրող այսօրվա մթնոլորտից պարզ է՝ վաղը մեծամասնությունը կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Առաջնայինը՝ կարեւորում են գործի անաչառ քննությունը: Դեռեւս չեն շտապում «ազգային հերոս» կոչումից զրկելու հարցում: Լսենք Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին եւ «Ծառուկյան» խմբակցությունից պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին:

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ առաջիկայում ԱԱԾ աղմկահարույց նոր բացահայտումների ականատես ենք լինելու: Ոչ թե հստակ տեղեկություններ ունի, այլ՝ պատկերացումներ, որ Մանվել Գրիգորյանի տանը տեսած պատկերը գրեթե բոլոր ոլորտներում է կրկնվում: «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը պնդում է՝ բացահայտված գործով միակ պատասխանողը Մանվել Գրիգորյանը չպետք է լինի:

Ի դեպ, երբ այն ժամանակ բացահայտումները շատ հեռու էին թվում Մանվել Գրիգորյանի զինակից ընկեր, գեներալ Սեդրակ Սարոյանը Աժ ամբիոնից հայտարարում էր, որ զինվորից հաց գողացողը պետք է պատժվի ոչ թե դատախազի, այլ Աստծո կողմից:

Back to top button