Վերլուծական

Նոր իշխանությունները բոլորի հետ են խոսելու սուվերենության դիրքերից

Հայաստանը խոսում է սուվերենության դիրքերից եւ այս մասին ասվում է բոլոր գործընկերներին: Ամփոփելով ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա՝ լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը:

Քաղաքագետներ Արա Պապյանն ու Գեւորք Մելիքյանը նկատել են, որ նման շեշտադրումը, ըստ էության, ցանկալի փոփոխություն է մեզ համար:

Նրանք շեշտել են, որ հորիզոնական հարաբերությունների համար ժամանակն է բոլոր հարցերի մասին առավել պարզ ու շիտակ խոսելը բոլոր գործընկերների հետ:

Հայկական լրատվամիջոցներում վարչապետ Նիկոլ Փաշինյան-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հանդիպումից, մասնավորապես, առանձնացվեց «սուվերենության փոխադարձ հարգանքի» մասին շեշտադրումը: Վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանն այս մասով որեւէ արտառոց բան չի տեսնում: Շեշտեց, որ դա ասվում է բոլոր գործընկերներին:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը, մինչդեռ, վարչապետի կողմից սուվերենության վերաբերյալ շեշտադրումը ցանկալի փոփոխություն է համարում:

Փաստերով է ռազմավարական դաշնակցությունը հանդես գալիս եւ չի կարող այդ հարաբերությունը զոհաբերվել բիզնես շահերին՝ ասաց Արա Պապյանը՝ մատնանշելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը: Նրա գնահատմամբ՝ այսօր նախադրյալները լավ են: Արա Պապյանը նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկայում սպասվող այցերը, որի թվում է նաեւ ԵՄ այցը, շատ կարեւոր են, որից հետո, նրա կարծիքով, արդեն կտեսնենք գործնական արդյունքներ: Մինչ այդ, արդեն նախատեսված են մեր երկրի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները Բրյուսելում: Այս մասին հայտնեց ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

ՀՀ Վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը այսօր հաստատեց, որ նախատեսվում են առաջիկայում վարչապետի այցեր, այդ թվում ԵՄ:

Իրողություններն, իսկապես, փոխվել են՝ նկատեց քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը: Նրա խոսքով՝ պետք է հասկանալ նաեւ, թե արդյո՞ք իրողություններ են փոխվել նաեւ հայ-ռուսական հարաբերություններում: Ըստ նրա՝ կան բավականին խնդիրներ հայ-ռուսական հարաբերություններում, միգուցե՝ որոշակի վստահության վերականգնման խնդիր էլ կա եւ այդ մասին պետք է հստակորեն խոսել՝ պարզ պատկերացնել, թե ինչպիսի՞ խնդիրների հետ գործ ունենք՝ սկսած Ադրբեջանին զենքի մատակարարումից: Հստակ պետք է հասկանանք, թե ի՞նչ են ակնկալում ռուսները մեզնից, եւ իրենք պետք է հստակ հասկանան, թե ի՞նչ ենք մենք ակնկալում իրենցից:

Նոր իշխանությունների համար կարեւոր է լինելու պարտավորությունները հստակեցնելը՝ հորիզոնական հարաբերություններ ունենալու համար եւ խոսքը ո՛չ միայն Ռուսաստանի, այլ նաեւ մյուս գործընկերների մասին է՝ եզրափակեց քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը:

Back to top button