ԿարևորՔաղաքական

Հաշտություն եմ առաջարկում. Էջմիածնի քաղաքապետը՝ Դոն Պիպոյին

Կազմակերպված բողոքի ցույցերով էջմիածինցիներն արդեն երրորդ օրն է  պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը։

«Քաղաքը Գրիգորյաններից մաքրելու ժամանակն է»,- հայտարարում են: Հանրապետության հոգևոր մայրաքաղաքում տրամադրությունն  այսօր դարձյալ լարված է:

Հանրահավաք են նախաձեռնել նաև Գրիգորյանի կողմնակիցները՝ «Ժողովրդին մոլորության մատնելու անհաջող փորձերին չտրվելու» պահանջով: Ինքը՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը իրավիճակը չսրելու, քաղաքի հաշտության նստարանի մոտ հանդիպելու և  միմյանց ձեռք սեղմելու կողմնակից է: «Ռադիոլուրն» է հետևել Էջմիածնում ծավալված իրադարձությունների զարգացմանը:

Երկու օր առաջ բողոքի ցույցերի ալիքն  ալեկոծեց նաև հանրապետության հոգևոր մայրաքաղաքը: «Ազատենք Էջմիածինը Գրիգորյաններից» կարգախոսով ցուցարարները պահանջում էին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Մամուլի հրապարակումների համաձայն՝ բողոքի ակցիաների հետևում կանգնած էր Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանը։ Սակայն նա հերքեց  այս տեղեկությունը:

Արթուր Ասատրյանի խոսքով,  հայր ու որդի Գրիգորյանները տարիներ շարունակ կեղեքել են մարդկանց: Քանի որ հեռացել են նախկին իշխանություններն ու համակարգը, ապա Մանվել Գրիգորյանն ու իր որդին ևս պետք է հետևեն նրանց: Էջմիածնում կազմակերպված քայլերթի մասնակիցներն այսօր կրկնել են նույն պահանջները՝ շարունակելով դժգոհել քաղաքապետի գործունեությունից:

Ցուցարարներն  ավտոմեքենաներով փակել էին  ճանապարհները՝  թույլ չտալով միջքաղաքային երթուղայինների և մարդատար այլ մեքենաների մուտքը քաղաք: Էջմիածնում փակ են գրեթե բոլոր կենտրոնական փողոցները:

«Չտրվել ժողովրդին մոլորության մատնելու անհաջող փորձերին» կարգախոսով էլ Էջմիածնում հանրահավաք են նախաձեռնել քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները։ Նա այսօր նշեց, որ Էջմիածնում ստեղծված իրավիճակն ուղղորդված է և հստակ գիտի ինչ նպատակով։ Իրեն հասցեագրված մեղադրանքների մեծ մասն էլ Գրիգորյանն իր լիազորություններից դուրս է համարում, ինչպես օրինակ հարևան համայնքների փողոցների ասֆալտապատումը, կարկուտից տուժած համայնքների  խնդիրները չլուծելը և այլն։ Այդուհանդերձ, չցանկանալով սրել իրավիճակը, Գրիգորյանը հաշտության կոչ է անում:

«Սա մի գոլանի ֆուտբոլ չէ»,- ասում է Կարեն Գրիգորյանը։ Շեշտում է՝ օրենքի երկրում ենք ապրում, որտեղ, իր ձեւակերպմամբ, մի դաբրո կա՝ ժողովրդի քվեն: Կոչ է անում ժողովրդին իրար դեմ չհանել։ «Սխալ ենք արել, սխալի համար կպատժվենք, բայց օրենքով»,- ասում է։

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հատուկ գործողություններ է իրականացնում Էջմիածին քաղաքում։ Դրանք ոչ միայն Մանվել Գրիգորյանի առանձատանն են:  Որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ,  առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները եղել են նաև Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի  առանձնատան դիմաց:

Էջմիածնում ծավալվող իրադարձություններին ֆեյսբուքյան իր էջում երեկ անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևյալ գրառումով.

«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում»:

«Թույլ չենք տա», — ֆեյբուքյան գրառումը եզրափակել էր վարչապետ  Փաշինյանը: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գնահատմամբ, սա  ժամանակին արված ու սթափեցնող հայտարարություն էր:

Back to top button