Հասարակություն

ՍԱՊԾ. Կենդանաբանական այգում կենդանիները ոչնչացվել են հունվարին

Հիվանդ կենդանիների ակնկումից ու ոչնչացումից հետո կենդանաբանական  այգու ամբողջ տարածքում կատարվել է անկած կենդանիների ազատավանդակների մեխանիկական մաքրում, պարբերական ախտահանություն, իսկ ախտահարված օջախներում՝ նաև գրունտի (հողի) փոփոխություն: Այս մասին հայտնում են ՍԱՊԾ-ից՝ արձագանքելով  կենդանաբանական այգում մեծ թվով կենդանիների անկմանմասին լուրերին։

Ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Ուսումնասիրելով տեղեկատվությունը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հստակեցնում է, որ խոսքը վերաբերում է 5 ամիս առաջ տեղի ունեցած դեպքերին:

Դեռևս 2018 թվականի հունվարի 18-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի անասնաբույժը Ծառայությանը տեղեկացրել էր, որ կենդանաբանական այգում կան հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ:

Ծառայության անասնաբուժության տեսչության մասնագետների այցելության և կենդանիների կլինիկական զննման արդյունքում 8 գլուխ լամաների մոտ ախտորոշվել է տուբերկուլյոզ հիվանդություն, որն էլ հետագայում հաստատվել է լաբորատոր փորձաքննության արդյունքներով:
Լամաները, ինչպես նաև դրանց հարևանությամբ պահվող  1 գլուխ կխտարը, 1 գլուխ դավթի եղջերուն, 19 գլուխ կամերունյան այծերը և ևս 4 գլուխ լամաները, որոնք նույնպես կարող էին հնարավոր վարակի աղբյուր հանդիսանալ, խոտանվել են և սահմանված կարգով ոչնչացվել:

Այդ դեպքից առ այսօր Ծառայությունը «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ից տուբերկուլյոզի հարուցիչի հետևանքով որևէ կենդանատեսակի անկման կամ այլ հիվանդության մեջ կասկածվող կենդանու մասին ահազանգ չի ստացել»:

Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել առողջապահության նախարարությունը, որտեղ կոչ էր արվում ծնողներին զգույշ լինել երեխաների հետ կենդանաբանական այգում գտնվելիս:


ԱՆ-ն հորդորում է ծնողներին՝ զգոն լինել երեխաների հետ կենդանաբանական այգում գտնվելիս


Back to top button