Տնտեսական

Փակել գործարանը, թե՞ ոչ. ալավերդցիները կդիմեն վարչապետին

Ալավերդիում այսօր հանրային քննարկում էր կազմակերպվել: Տեղացիներն ու Երևանից  Լոռի այցելած մասնագետները միասին փորձում էին հասկանալ՝ ինչպե՞ ս  մեղմել  Ալավերդու  պղնձաձուլաական գործարանի արձակած ծուխը: Խնդրին Ռադիոլուրն օրերս էր անդրադարձել:

Գործարանը  շահագործող «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» (ACP ) ՓԲԸ  տնօրեն Լուսինե Մեջլումյանը «Ռադիոլուր»-ին էր հայտնել, որ  այժմ քննարկվում է գործարանի արդիականացման նոր ներդրումային ծրագիրը:    Բնապահպանության նախարարությունն արձագանքել է խնդրին:

Բնապահպանության նախարարությունն ահազանգի մասին անմիջապես տեղյակ է պահել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ ստեղծված իրավիճակի պատճառներն պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից Բնապահպանության նախարարությանը հայտնել են, որ տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն անմիջապես եղել են դեպքի վայրում, և արձանագրել անձրեւի եւ խոնավության հետ արտանետման համադրություն:

Տեսչական մարմնի աշխատակիցները հանդիպել են ընկերության պատասխանատուների հետ, ովքեր հիմնավորել են, որ տեխնիկապես չեն կարող արտադրական ցիկլը կանգնեցնել, բայց պարտավորվել են ժամանակավոր նվազեցնել արտադրական ծավալները:


Ալավերդցիները որոշել են ՝ բաց նամակով դիմելու են ՀՀ վարչապետին:

Տեղացիները փաստում են՝ ամեն օր ու ամեն վայրկյան  են զգում գործարանի արձակած ծխի բացասական հետևանքները: Պարզվում է՝ այն իրենց  վրա զգում են նաև գործարանը շահագործող ընկերության աշխատակիցները, ավելի կոնկրետ՝ ACP ՓԲԸ  տնօրեն Լուսինե Մեջլումյանը.

«Որևէ ալավերդցու մոտ թող տպավորություն չլինի, որ մենք չենք տեսնում քաղաքի վերջին ամիսների գազոտվածությունը: Պարզապես սա այն իրավիճակն է, երբ մենք, ցավով պիտի ասեմ, չենք կարող փոխել»:

Լուսինե Մեջլումյանը հենց մեզ էր փոխանցել, որ երկու տարվա եռակողմ  (Վալլեքս խմբի ընկերություններ-ՀՀ եւ Չինաստանի կառավարություններ)  բանակցությունները դրական արդյունք  են տվել։ Կկառուցվի նոր, գերժամանակակից պղնձաձուլական գործարան: Թե որտեղ՝ դեռ հստակ չէ:

«Հաշվի առնելով քաղաքական, սոցիալական, բնապահպանական և այլ հանգամանքներ՝ ներկայումս քննարկվում են տարբեր տարածքներ՝  գործարանը կառուցելու համար: Եվ քանի որ մենք արդեն իսկ ունենք բավականին մեծ փորձ, չենք ուզում ոչ մի դեպքում կրկնել այդ տխուր փորձը»:

Այն, որ չինական կողմի հետ բանակցություններն ավարտվել են ու պայմանավորվածություններ կան, քննարկման մասնակիցները «Ռադիոլուր»-ից տեղեկացան:

«Եթե որևէ մեկը ծրագրի վերաբերյալ տեղակտվություն ունի՝ ժամկետների, երբէ  լինելու, ոնց է լինելու, հաստատ կան ներդրողներ թե ոչ: Թող ասեն: Ինչքան լսել ենք, ուղղակի լսել ենք, որ ներդրողներ կան, խնդիրն այն է, որ, նստեն իրար հետ միասին հարցը քննարկեն: Ծխի ծավալները արդեն շատ են, պետք է կառուցեն»:

Փակել գործարանը, թե ոչ՝ քննարկման առանցքում այս հարցն էր:  Ալավերդու ավագանու անդամ Սեյրան Հովհաննիսյանն այս պահին այլ լուծում չի տեսնում, քան գործարանը փակել է: Նա աշխատանքի առաջարկ էլ ունի տեղացիներին.

«500-600 հոգի մարդ է աշխատում չէ: Ընդամենը էդքան: 500 հազար հայ է դուրս եկել, 500 հայ էլ դուրս կգա: Լալվարի փեշերին կով առնեն, տանեն պահեն»:

Քննարկման մասնակիցները կարծում են, որ խնդրի լուծումը ֆիլտերրի տեղադրումն է, Ռադիոլուրի զրուցակից ACP ) ՓԲԸ  տնօրեն Լուսինե Մեջլումյանը Սա թյուր կարծիք է համարում:

Քննարկման ընթացքում հանքերի պետականանացման  կարծիքներ էին հնչում:   Բնապահպան փորձագետ ԳԱԱ  գիտաշխատող  Սեյրան Մինասյանը  սա վտանգավոր է համարում:

«Դա  նշանակում  է, որ ամբողջ  ծախսը մնալու է պետության վրա: Կավարտը՝ 8,5 մլն դոլար է պետք ռեկուլտիվացիայի համար: Դեմ եմ գործարանը փակելուն, պետք է շահագործվի գործարանը»:

Մոտ երկու ժամ տևած քննարկման ավարտին, թե մասնակիցներն ինչ եզարակցության եկան, Համայնքային  համախմբման ու աջակցության կենտրոնի տնօրեն Օլեգ Դուլգարյանն է փոխանցում

«Համապատասխան դիմում ենք ձևակերպում, հանրույթի կողմից ներկայացնում ենք կառավարությանը»:

Իսկ ֆեյսբուք սոցիալական ցանցում  տեղացիները շարունակում են  ծխով պատված քաղաքից  լուսանկարներ  հրապարակել:

Back to top button