Մշակույթ

«Տերն ու ծառան»․ արդիական՝ բոլոր ժամանակների համար

Երևանի Կամերային երաժշտական պետական թատրոնի բեմում այսօր պրեմիերա էր: Հանդիսատեսի դատին է հանձնվել Հովհաննես Թումանյանի հայտնի ՙՏերն ու ծառան՚ հեքիաթի հիման վրա բեմադրված մյուզիքլը: Բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը արդիականացրել է հանճարեղ պատմությունը, չնայած, որ այն, ըստ նրա, միշտ է արդիական:

Ներկայցումը նվիրվում է մեծ գրողի ծննդյան 150-ամյակին: Բեմադրությունը դիտել, նաև բեմադրիչի հետ ու ոչ միայն զրուցել է Ռադիոլուրը։

Հովհաննես Թումանյանի հայտնի «Տերն ու ծառան» հեքիաթն ժամանակակից մյուզիքլի տեսքով  արդեն Երևանի Կամերային երաժշտական թատրոնի բեմում է:

Ներկայացման բեմադրությունը եւ նկարչական ձեւավորումը Վիգեն Ստեփանյանինն է, երաժշտությունը` Վահե Հայրապետյանինը եւ Վիգեն Ստեփանյանինը, իսկ պարերի հեղինակը Նաիրա Հովհաննիսյանն է: Դերասանուհի Կարինե Ծատրյանը ասում է, որ բեմադրիչ Վիգեն  Ստեփանյանի  հետ դժվար է աշխատել, նա ցանկանում է ստանալ առավելագույնը, օրերով փորձեր, անհատական պարապունքեր: Կարինը կերտում է Նունուֆարի կերպարը:

Աղա Կարապետի կերպարը մարմնավորած Արթուր Պետրոսյանը «Ռադիոլուրի»  հետ զրույցում ասում է, որ սա մի ներկայացում է, որ միշտ արդիական է, ու ավելի լավ, քան Թումանյանը ոչ ոք չի ասել՝  փոս փորողն ինքն է ընկնում փոսը։

1 ժամ 15 րոպե տեւողությամբ մյուզիքլին հանդիսատեսը հետևում  է շունչը  պահած, ու թերևս ներկայացումը կարելի է հաջողված համարել, երբ դահլիճը արձագանքում է  կերպաների հարցերին, ու նրանց հետ միասին ապրում և ուրախանում. 9 -ամյա Էրիկը ամբողջ ներկայացման ընթացքում կլանված հետևում էր եղբայրներից Սարոյի խաղին, հետո արդեն մեզ է պատմում, թե ինչու է Սարոյին շատ հավանել։

Ներկայացման ավարտին մեզ հաջոցվեց զրուցել Վիգեն  Ստեփանյանի հետ, չնայած հարցազրույցը  մի քանի անգամ ընդհատվեց, քանի որ հանդիսատեսը մոտենում  ու շնորհակալություն  էր հայտնում բեմադրիչին հիանալի ներկայացման համար: «Սա մի ներկայացում է, որ արդիական է բոլոր ժամանակների համար»,-ասում է Վիգեն Ստեփանյանը:

Ներկայացման մեջ մեկ դրվագ կա, երբ Կարապետ աղան ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի արժանանա նահագապետի կողմից որևէ մեդալի, որևէ շնորհակալագրի. Ստեփանյանն ասում է, որ այդ մեդալի կռիվը  հարատև եղել է բոլոր ժամանակներում: Բայց ամեն մարդ ապրում է այնպես, ինչպես ուզում է ապրել:

Ներկայացումը նվիրվում է Հովհաննես Թումանյանի 150 ամյակին:

Ցուցադրել ավելի
Back to top button