Հասարակություն

«Դադարեցնենք քաղաքացիների հետևից ընկնել». Նիկոլ Փաշինյան

«Դադարեցնենք քաղաքացիների հետևից ընկնել, որովհետև դա հավելյալ հարկ է քաղաքացիների վրա»,- կառավարության նիստում  հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ հայտնել է, որ առաջիկայում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման  տուգանքի չափերի  նվազեցման մասին օրինագիծ կներկայացնեն կառավարության հաստատմանը:  Օսիպյանի կարծիքով,  տեսանկարահանող սարքերը զսպման մեխանիզմ են:

Նա նաև հիշեցրել է՝ Ճանապարհային ոստիկանը  պարտավոր է տեղեկացնել վարորդին, որ իրենց խոսակցությունը ձայնագրվում է: Կառավարության նիստում  բուռն քննարկման առարկա դարձած նախագծի հեղինակը ՀՀԿ- ն էր՝ խորհրդարանական մեծամասնությունը։

Երթևեկության անվտանգությունն ապահովելիս արգելել ոստիկանության կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների օգտագործումը: Առաջարկը խորհրդարանական մեծամասնություն կազմող ՀՀԿ-ական մի քանի պատգամավորներինն է: Հիմնավորումները բավարար չեն՝ հայտարարեց ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով, հանրությունը երեք տեսակի շարժական սարքի մասին գիտի, ուստի. «Ես ուզում եմ հասկանալ՝  որին է վերաբերում»:

Վալերի Օսիպյանի հստակեցմամբ,  խոսքը շարժական տեսախցիկների մասին է: Սա  վարորդներին հնարավորություն է տալու նախապես տեսնել այն մեքենան, որտեղ տեսախցիկը կա: Նիկոլ Փաշինյանի աձագանքը լսենք. «Մենք հակասությունների մեջ ենք մտնում, մենք անընդհատ ասում ենք մարդկանց քիչ տուգանենք, մյուս կողմից ասում ենք՝ բերենք էդ շրջիկ մեքենաներն էլ ավելացնենք, ավելի շատ տուգանենք: Կարծում եմ՝ մենք այստեղ պրոբլեմ ունենք»:

Կառավարության ղեկավարի խոսքով, խնդիր կա նաև ոստիկանների համազգեստներին ամրացված տեսախցիկների հետ:

«Դադարեցնենք քաղաքացիների հետևից ընկնել, որովհետև դա հավելյալ հարկ է քաղաքացիների վրա։ Երթևեկության անվտանգության խնդիրը ճանապարհների որակով լուծեք, որ մարդը ստիպված չլինի ճանապարհի կենտրոնում անդունդի հանդիպի, որ ստիպված պտտվի թռնի ձորը»:

Վալերի Օսիպյանի դիտարկմամբ, հարցը պետք է կարգավորել, որովհետև կան վարորդներ, քաղաքացիներ, որոնց մոտ անպատժելիության մթնոլորտ է ձևավորվում։ Ոստիկանության ուսումնասիրություններն են դա ցույց տվել։ Վարչապետի դիտարկմամբ, պետք է այնպես աշխատել, որ անպատժելիության մթնոլորտ չստեղծվի։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց  միջազգային փորձն ուսումնասիրել:  Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն  արձագանքեց՝ պետք է անմիջապես ձեռնամուխ լինել ավելի համալիր առաջարկների:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի դիտարկմամբ էլ՝ պետք է  խնդրին ժամանակավորապես լուծում տալ:

Կառավարությունում պայմանավորվեցին՝  շարժական տեսախցիկները չեն գործի:

Back to top button