Հասարակություն

Ինչու է քաղաքապետարանը խոչընդոտում լրագրողի մուտքը

Այսօր Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստն էր, քննարկվել է «Երևան» հիմնադրամի գույքը մայրաքաղաքին նվիրելու հարցը:

«Ռադիոլուրն» է փորձել լուսաբանել նիստը, սակայն քաղաքապետարանը դա թույլ չի տվել:

 

Երևանի ավագանու  իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում էր նաև «Երևան»  հիմնադրամի գույքը  մայրաքաղաքին նվիրաբերելու  հարցը,  չթողեցին  ներկա գտնվեմ: Նիստը տևեց 15 րոպե։ Այդ ընթացքում փորձում էի մտնել նիստի դահլիճ։ Չհաջողվեց։

Ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանն ու քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը զարմացած հարցնում էին՝ ում հրավերով եմ եկել նիստի։

«Ով հրավիրել է, նա էլ պետք է ընդունի և  երաշխավորի նիստում Ձեր ներկա գտնվելը»,- ասում էր Սերգեյ Մկրտչյանը:

Մինչ պայքարում էի նիստը լուսաբանելու լրագրողիս իրավունքի վերականգնման համար, այն ավարտվեց, ավագանու անդամներն էլ ցրվեցին։ Ստիպված հեռախոսազանգով ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանից փորձեցի իմանալ, թե ինչ է տեղի ունեցել.

«Ընդամենը  այդ մի հարցն է քննարկվել՝ «Երևան» հիմնադրամի գույքը նվիրել Երևան համայնքին: Հանրապետական խմբակցությունը կողմ է քվեարկել, մենք՝ ձեռնպահ»:

Ավագանու անդամը զարմացավ, երբ իմացավ, որ չեն թույլատրել ներկա լինել նիստին։ Դրան, ի դեպ, ներկա լինելու հրավերն ստացել էի ավագանու իրավականը հարցերի հանձնաժողովի նախագահը Ենոք Ազարյանին։ Նա այսօր նիստին չէր մասնակցում, հեռախոսազանգերիս էլ՝ չպատասխանեց։

Ավելի վաղ «Ռադիոլուրին» հայտնել էր, որ «Երեւան» հիմնադրամի նվիրաբերված գույքը մոտ 500 մլն դրամ արժե։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն էլ այսօր հայտնել է, որ «Երեւան» հիմնադրամը ՊԵԿ- ին իր գումարների մասին տեղեկատվություն չի ներկայացրել.

«Երևան» հիմնադրամն այդպիսի տեղեկատվություն ՊԵԿ-ին չի ներկայացրել: Այն հիմնադրամները, որոնք որ պարտավոր էին  օրենսդրությամբ ներկայացնեին տեղեկատվություն ու չեն ներկայացրել, մենք վարչական վարույթի շրջանակներում իրենց վարչական տուգանքի կենթարկենք»:

«Երևան» հիմնադրամի գույքի ճակատագրի հարցը կքննարկվի ավագանու հունիսի 26-ի նիստում:

Back to top button