ԿարևորՀասարակություն

Գիտպետկոմի նախագահը դատի է տվել իրեն զրպարտողին

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը դատական հայց է  ներկայացրել «Իրազեկ քաղաքացի» ՀԿ նախագահ Դանիել Իոանիսյանի դեմ։

«Ռադիոլուրի» հետ զրույցում Սամվել Հարությունյանը չի բացառել, որ նմանատպ հայց կարող է ներկայացնել նաև հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանի դեմ։

Գիտպետկոմի ղեկավարը նրանց մեղադրում է իրեն զրպարտելու մեջ։ Ըստ Հարությունյանի՝ մեղադրանքներն անհիմն են։

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի վերանշանակումը շատ բուռն արձագանք ստացավ հատկապես գիտնականների շրջանում: Մի շարք գիտնականներ նրան բացահայտ մեղադրում են  կոռուպցիոն դրսևորումների մեջ և հավաստիացնում. դրանց ապացույցներն ունեն։ Սամվել Հարությունյանին այս մեղադրանքներն  այնքան են բարկացրել, որ նույնիսկ իրեն զրպարտելու  համար դատական հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացի» ՀԿ նախագահ Դանիել Իոանիսյանի դեմ:

«Իրազեկ քաղաքացի» ՀԿ նախագահ Դանիել Իոանիսյաը, ի դեպ, «Ռադիոլուրից» տեղեկացավ, որ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը դատական հայց է ներկայացրել իր դեմ:

Սամվել Հարությունյանի դեմ  բավականին լուրջ մեղադրանքներ է ներկայացնում նաև հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը: Նրա համար ընդհանրապես անհասկանալի է, թե ինչպես կարելի է վերանշանակել մի անձի, որն առանց այն էլ իր պաշտոնավարման տարիներին թաթախված է եղել կոռուպցիայի մեջ:

Սամվել Հարությունյանը այս մեղադրանքներին ևս ծանոթ է: Եթե կան ապացույցներ՝ թող հոգեբանական գիտությունների դոկտորը դրանք դատարանին կամ իրավապահ այլ մարմիններին ներկայացնի:

Ինչ վերաբերում է իր անձի վերաբերյալ հնչած մեղադրանքներին, Սամվել Հարությունյանը չի բացառում, որ դրանք շարունակվելու դեպքում դատական հայց ներկայացնի նաև Սամվել Խուդոյանի դեմ:

Անդրադառնալով վերանշանակմանը՝ Գիտպետկոմի ղեկավարը հավաստիացնում է, որ իր գործունեության տարիներին ամաչելու առիթ չի ունեցել։ Ավելին՝ իր պաշտոնավարման տարիներին գիտությունը միայն զարգացում է ապրել, և Հայաստանն այսօր տարածաշրջանում գիտության բավականին լուրջ կենտրոն է համարվում: Դե իսկ իր անձի շուրջ մեղադրանքներին փիլիսոփայորեն է նայում։ Իրեն  այս տարիների ընթացքում մեղադրել են ամեն ինչի, անգամ թուրքական շպիոն լինելու մեջ :

Back to top button