ԿարևորՔաղաքական

Սեյրան Օհանյանն ասում է հարցաքննության կանչվելու մասին ծանուցում չի ստացել

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ռադիոլուր»-ին տված հարցազրույցում պնդում է՝ հարցաքննության կանչվելու մասին ծանուցում չի ստացել.«Տեղյակ եմ ինչ որ գրված է կայքերում, ես ինքս ընթերցել եմ, բայց որևէ ծանուցում չեմ ստացել: Գործի մասին տեղեկություններ չունեմ»:

Մինչդեռ ՊԵԿ-ը երեկ հաղորդագրություն տարածեց, որտեղ նշված էր՝ «ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար»։

Հաղորդագրության համաձայն, Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Երևի ինչ որ խնդիր կա, ուզում են ինձնից ճշտել և դրանից մեծ աղմուկ պետք չի ստանալ: Եթե ես ծանուցում ստանամ, ՀՀ քաղաքացի եմ, ենթարկվում եմ բոլոր օրենքներին, կներկայանամ, և կճշտեմ: Հիմա մեկ-երկու օր ես կսպասեմ, այնուհետև ինքս կճշտեմ ինչումն է խնդիրը»,- ասում է:

«Ռադիոլուր»-ի զրուցակից ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը որևէ եզրակացություն չի կարող անել՝ արդյո՞ ք գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի, թե ոչ . «Չգիտեմ, այժմ որևիցե եզրակացություն ես չեմ կարող անել: Քանի որ միայն կայքերից եզրակացություն անելը սխալ կլինի: Ինչոր մի եզրահանգման կգամ այն ժամանակ, երբ կլինի կոնկրետ մի մարդ, ում հետ կզրուցեմ՝ ինչի մասին է խոսքը» :

Back to top button