Միջազգային

Վրաստանյան ներքաղաքական զարգացումները Սաակաշվիլիի վերադարձ չեն ենթադրում․ Ուսուփաշվիլի


Ներքաղաքական բուռն զարգացումներ են հարևան Վրաստանում։ Երկրի իշխող կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարական է տվել վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։

Փորձագետները Ռադիոլուրի հետ զրույցում նշել են, որ աշնանը սպասվող նախագահական ընտրություններից առաջ երկիրը ոչ պաշտոնապես ղեկավարող Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում ընտրելու է իրեն հավատարիմ մեկին։

Վրացի փորձագետները կարծում են, որ վարչապետի հրաժարականը սպասելի էր վերջին շրջանում Թբիլիսիում սկսված բողոքի ակցիաների, իշխող «Վրացական երազանք»-ում ամիսներ շարունակվող տարակարծությունների, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի ու մասնավորապես աղքատության աճի ֆոնին։ Քաղաքական հարցերով վերլուծաբան Գիա Նոդիան ասում է․

«Նա՝ Իվանիշվիլին, գտավ, որ ինչ-որ փոփոխություն է անհրաժեշտ, երբ կառավարության հանդեպ վստահությունն ակնհայտորեն իջել է։ Կվիրիկաշվիլիի հրաժարականն ու նոր կաբինետի ձևավորումը, նրա կարծիքով, կօգնի մեծացնել կառավարության հանդեպ  վստահությունը»։

Փորձագետ Նիկա Չիտաձեն համաձայնելով վերոնշյալ տեսակետի հետ նաև ավելացնում է, որ Կվիրիկաշվիլին վարչապետի պաշտոնից հրաժարական է տալիս՝ խուսափելու պատասխանատվությունից։

Ըստ նրա, այսօր Իվանիշվիլին, ով համարվում է երկրի ոչ ֆորմալ ղեկավարը, մտածում է վարչապետի պաշտոնում առավել հավատարիմ թեկնածուի մասին։ Իսկ երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, ով Իվանիշվիլիի հետ անհամաձայնություն ունի այն բանից հետո, երբ՝ ստանձնելով նախագահի պաշտոնը, նախընտրեց աշխատել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառուցած Հավլաբարի նստավայրում, Իվանիշվիլիին կոչ է անում ստանձնել վարչապետի պարտականությունները.

«Իվանիշվիլին կհրաժարվի․ նա կխուսափի պետական պաշտոնը զբաղեցնել, որովհետև բոլոր պահանջներն այդուհետ կուղղվեն իրեն»։

Վրաստանի ամենահարուստ մարդը՝ Բիձինա Իվանիշվիլին, հիմնելով «Վրացական երազանք»-ը, քաղաքականություն եկավ 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Մեկ տարի անց նա թողեց վարչապետի պաշտոնը, սակայն, ինչպես պնդում են փորձագետները, մինչ օրս երկիրը ղեկավարում էր կուլիսների հետևից։

Օրեր առաջ նա վերադարձավ քաղաքականություն՝ ստանձնելով կուսակցության ղեկավարի պաշտոնը։ Իվանիշվիլիի վերադարձը կապում են ինչպես ներկուսակցական խնդիրներով, այնպես էլ գալիք նախագահական ընտրություններով։

Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին կարծում է, որ իշխող ուժը հայտնվել է քաոսում, քաղաքական ճգնաժամ է ապրում, սակայն.

«Դա չի նշանակում, որ վրաց ժողովուրդը անհամբերությամբ սպասում է Սաակաշվիլիին։ Նա համակիրներ ունի, բայց 10-12 տոկոսից ոչ ավել, բոլորը նրան լավ գիտեն»։

Ասում է Վրաստանի խորհրդարանի նախկին ղեկավարը, ով «Վրացական երազանք» կոալիցիան լքել է 2016-ի խորհրդարանական ընտրություններից առաջ։

Back to top button