ԿարևորՀասարակություն

ԲՈԿ-ի եւ Գիտպետկոմի ղեկավարների ընտրությունը միանշանակ չի ընդունվել


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 11-ի որոշմամբ՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ է նշանակվել  Սմբատ Գոգյանը, իսկ Սամվել Հարությունյանը վերանշանակվել է Գիտության պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնում:

Այս երկու նշանակումներն էլ բավականին բուռն քննարկումների առարկա են դարձել մասնագիտական շրջանակներում:

Սամվել Հարությունյանին մեղադրում են կոռուպցիայի մեջ իսկ Սմբատ Գոգյանի պարագայում՝ վստահություն չեն ներշնչել վերջինիսկ ֆեյսբուքյան լուսանկարները:

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի նշանակումը շատ բուռն արձագանք ստացավ հատկապես գիտնականների շրջանում: Հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանի համար, օրինակ, անհասկանալի է, թե ինչպես կարելի է վերանշանակել մի անձնավորության, որ առանց այն էլ իր պաշտոնավարման տարիներին թաթախված է եղել կոռուպցիայի մեջ:

Սամվել Խուդոյանը նաև պնդում է, որ Սամվել Հարությունյանի կողմից պետական փաստաթղթեր են կեղծվել, որը, ըստ հոգեբանի, օրենքով պատժելի է: Փոխարենը կոռուպցիոն որևէ դրսևորում Սամվել Հարությունյանի կողմից այս տարիների ընթացքում չի տեսել քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Տոնոյանը, թեև իր հարաբերությունները ԳՊԿ նախագահի հետ, մեղմ ասած, ջերմ չեն եղել:

Անահիտ Տոնոյանին ավելի շատ վշտացրել է ԲՈԿ-ի նոր ղեկավարի նշանակումը, իսկ նախորդի՝ Լիլիթ Արզումանյանի «Բարձրագույն որակավորման կոմիտեից» հեռացնելը նրան պարզապես ցնցել է: Լիլիթ Արզումանյանը իր երկրի նվիրյալն էր ու կոռուպցիայից շատ հեռու, ասում է

Ըստ Անահիտ Տոնոյանի՝ ԲՈԿ-ի նոր նախագահ Սմբատ Գոգյանը  «գուցե չափազանց տաղանդավոր» երիտասարդ է, սակայն վերջինիս նշանակումը նա խնդրահարույց է համարում։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին, սակայն, ի տարբերություն շատերի Սմբատ Գոգյանի ֆեյսբուքյան լուսանկարները չեն հետաքրքրում: Ավելին՝ ըստ փորձագետի՝ շատ անարդար ստացվեց, որ այսքան նշանակումների մեջ Սմբատ Գոգյանինը դարձավ քննարկումների բուռն թեմա: Սերոբ Խաչատրյանը նրան երկար տարիներ է ճանաչում և հավաստիացնում է. Սմբատ Գոգյանն իսկապես լուրջ արժանիքներ ունի:

Սերոբ Խաչատրյանին ավելի շատ զարմացրել է Գիտպետկոմի ղեկավարի վերանշանակումը, առավել ևս, որ բացասական կարծիքներ են եղել դեռևս նրա պաշտոնավարման նախորդ տարիներին: Ինչևէ՝ կարծում է, որ պետք է վստահության քվե տալ այն մարդկանց, որոնց նշանակել է վարչապետը:

Back to top button