Հասարակություն

«Կուտակային»-ի շուրջ քննարկումները շարունակվում են

Հանրության շրջանում շարունակում են քննարկումները՝ կապված Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման հետ: Վստահելով նոր կառավարությանը, սակայն, դժգոհություններ կան, որ համակարգն այսօրվա Հայաստանի համար չէ: Ոմանք նշում են, որ պարտադիր բաղադրիչը ներդրվում է առանց ժողովրդին լսելու:

Այսօր կազմակերպված քննարկման ժամանակ փաստաբան Անահիտ Բեգլարյանը կարծիք է հայտնել, թե կառավարությունը որոշումն ընդունեց առանց երաշխիքների ու լուրջ փաստարկների:

Ապացուցել էր պետք, որ լավն է, հետո ներդնել՝ ասել է նա: Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի համոզմամբ, սակայն,  առանց կուտակայինի մենք ընդհանրապես ապագա չունենք, քանի որ, նրա խոսքով, դա են վկայում ժողովրդագրական այսօրվա թվերն ու կանխատեսումները:

 


Որեւէ մեկը չունի վստահություն, որ Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը նորմալ կաշխատի: Փաստաբան Անահիտ Բեգլարյանի համոզմունքն է, որը բխել է կառավարությունում հարցի քննարկումից ստացած տպավորությունից:

Կենսաթոշակային պարտադիր կուտակման համակարգը բխում է այն խնդրից, որի առաջ կանգնելու է Հայաստանը 40 տարի անց՝ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ,  տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը: Նա համակարգի ներդրման անհրաժեշտությունը հիմնավորեց ժողովրդագրական թվերով:

«2060 թվականին հետեւյալ դեմոգրաֆիական փոփոխությունները կլինեն՝ 10-14 տարեկանները կլինեն 13.6 տոկոս, 15-64 տարեկան, այսինքն՝ աշխատունակ բնակչությունը, 55 տոկոս, 65-ն անց մարդիկ՝ 30,8 տոկոս: Ինչ է դա նշանակում՝ եթե այսօր 6 աշխատունակ մարդ  պահում է մեկ թոշակառու, ապա 2060 թ.-ին մեկ թոշակառուի պետք է պահի 2 գործատու: Սա աղետ է»:

Դրա դեմը պետք է հիմա առնել՝ ասաց տնտեսագետը: Նրա պարզաբանմամբ՝ հենց դա էլ առաջարկում է Կենսաթոշակային պարտադիր կուտակման համակարգը, որպեսզի այդ բեռը չծանրանա մեր երեխաների վրա: Սա է ամբողջը՝ ասաց Աշոտ Խուրշուդյանը:

«Մնացածը՝ լուծումը, ինչպես կարգավորել, արդեն քննարկումներ են: Եվ ունի՞ արդյոք ապագա կուտակայինը, թե ոչ. այսպես ասեմ՝ առանց կուտակայինի մենք ընդհանրապես ապագա չունենք: Եթե մենք մերժում ենք կուտակայինը, մենք մերժում ենք մեր ապագան»:

Փաստաբան Անահիտ Բեգլարյանը շեշտեց, որ իրավական տեսակետից էլ պարտադիր բաղադրիչի առումով խնդիր կա Սահմանադրության հետ կապված՝ խախտվում է մարդու սեփականության իրավունքը, ինչն անընդունելի է:

Գործարար Վահան Քերոբյանի կարծիքով՝ իրականում այս փուլում կառավարության ընդունած որոշումը գործատուների եւ մասնակցի համար բեռը թեթեւացնում է:

Սակայն, ըստ գործարարի, հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ  պետությունը ավելի շատ արագ է պարտք կուտակում եւ հիմա, երբ ասում ենք՝ եկեք մի քիչ էլ կուտակենք, բեռը, ըստ էության, ավելանում է սերունդների վրա: Ի՞նչ կլինի, եթե տարիներ անց դեֆոլտ լնի՝ ինչպես որոշ երկրներում եղավ: Այդ դեպքում՝ բոլորս կկորցնենք այդ գումարները՝ ասաց գործարարը:

Նա նկատեց նաեւ, որ կենսաթոշակային կուտակումների գումարները տնտեսության մեջ չեն հայտնվել եւ դրա հնարավորությունը չկա: Ժողովրդի մեծ մասը դեմ է դրան: Եթե չի վայելի ժողովրդի վստահությունը, վաղ թե ուշ մի տեղից պայթելու է՝ այս կարծիքով եզրափակեց Վահան Քերոբյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button