Հասարակություն

Ինչ են «շնչում» ալավերդցիները

Ալավերդու պղնձաձուլական գործարանից  արձակված  ծուխն անհանգստացնում է բնակիչներին։

Պղնձաձուլական գործարանը  շահագործող «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» (ACP ) ՓԲԸ  տնօրեն Լուսինե Մեջլումյանը պարզաբանում է տվել «Ռադիոլուր»-ին:

Ասել է, որ այժմ քննարկվում է գործարանի արդիականացման նոր ներդրումային ծրագիրը:

 

Ալավերդցիները մտահոգ են Ալավերդու պղնձաձուլարանի արձակած ծխի պատճառով: «Այն ոչ այսօր է առաջացել, ոչ էլ երեկ: Պարզապես այժմ են դժգոհում ՝ քաղաքացիական իրավագիտակցության բարձրացմամբ պայմանավորված՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը՝ Համայնքային համախմբման ու աջակցության կենտրոնի տնօրեն Օլեգ Դուլգարյանը:

«Եթե առաջ հավատում էին խոստումներին, որ այդ ծուխը կնվազեցվի, կդադարեցվի, կտեղադրվեն ֆիլտրներ, ապա մարդիկ համբերատար սպասում էին: Բայց հիմա հասկացել են, որ այսպես հեշտ այս հարցը չի լուծվի: Ոչ ոք չի պատրաստվում ֆիլտրեր տեղադրել»:

Դուլգարյանը փաստում է՝ մի քանի տարի առաջ, դժգոհությունները հաշվի առնելով, ծխնելույզ տեղադրվեց արտանետումը մեղմացնելու նպատակով, սակայն սա ավելի շատ ոչ թե օգուտ տվեց, այլ՝ վնաս. «Հետագայում գիտնականները պարզեցին, որ դրանից վնասակարությունը չի պակասել, այլ աղտոտման աշխարհագրությունն է ավելացել»:

Զրուցակիցս ընդգծում է՝ գործարանն աշխատում է հին սարքավորումներով ու ողջ ծուխը սփռվում է քաղաքով մեկ:

«Հենց ծուխը դուրս է գալիս, բազմաթիվ ալավերդցիներ բողոքում են գլխացավից, սրտխառնոցից։ Լինում է, որ մարդկանց ինքնազգացողությունը վատանում է։ Այսպիսի փաստերը շատ են»:

Արդյո՞ք գործարանի հետագա շահագործումը նպատակահարմար է.  համայնքային համախմբման ու աջակցության կենտրոնի տնօրեն Օլեգ Դուլգարյանը պատասխանում է.

«Ալավերդցիները հասկանում են, որ գործարանը պետք է աշխատի, որովհետև այնտեղ մարդիկ են աշխատում: Մի քանի հարյուր ընտանիք ապրում են այդ գործարանում աշխատելու շնորհիվ: Այս պահին չկա հստակ դրված խնդիր, որ գործարանը պետք է հենց հիմա փակվի: Ասում են, որ պետք է այդ ծուխը, արտանետումները կարգավորվեն, ֆիլտրեր տեղադրվեն»:

«Ֆիլտրի տեղադրումը խնդրի լուծում չէ: Միակ լուծումը ծծմբաթթվի կամ ծծթմբային այլ նյութի արտադրություն կազմակերպելն է՝ ասում է «Ռադիոլուրի» մյուս զրուցակիցը՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանը շահագործող «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» (ACP ) ՓԲԸ տնօրեն Լուսինե Մեջլումյանը: Նշում է՝ գործարանի սարքավորումներն իսկապես հին են, գործարանը 1997թ աշխատում է խորհրդային տարիներից ձեռք բերված սարքավորումներով:

«Քսան տարիների աշխատանքն ուղղված է եղել գործարանի վերազինումը կազմակերպելուն, տարբեր աշխատանքներ են տարվել՝ տարբեր ուղղություններով, տարբեր հարթակներում»:

Զրուցակիցս արձանագրում է՝ երկու տարվա եռակողմ (Վալլեքս խմբի ընկերություններ- ՀՀ եւ Չինաստանի կառավարություններ) բանակցությունները դրական արդյունք են տվել։ Կկառուցվի նոր, գերժամանակակից պղնձաձուլական գործարան: Թե որտեղ՝ դեռ հստակ չէ.

«Հաշվի առնելով քաղաքական, սոցիալական, բնապահպանական և այլ հանգամանքներ՝ ներկայումս քննարկվում են տարբեր տարածքներ՝ գործարանը կառուցելու համար: Եվ քանի որ մենք արդեն իսկ ունենք բավականին մեծ փորձ, չենք ուզում ոչ մի դեպքում կրկնել այդ տխուր փորձը»:

«Մոտ 400-500 մլն դոլարի ներդրում է նախատեսվում»,- ասաց Լուսինե Մեջլումյանը.

«Ներկա փուլում խոսքը պղնձաձուլարանի և քիմիական արդյունաբերության մասին՝ ձուլարան, հետո արդեն մաքուր պղնձի արտադրություն; սա շատ լուրջ ու մասշտաբային ծրագիր է: Ես ուզում եմ, որ բոլորը գիտակցեն ու հասկանան, որ պղնձաձուլարան կառուցելը փոքրիկ, թեթև արդյունաբերություն չի, որ երկու հաստոց բերենք դնենք, ասենք, որ կարի արտադրամաս ունենք»:

Այս պահին, ընկերության տնօրենի խոսքով, ունեն շուրջ 500 աշխատող: Եթե ներդրման հեռանկարը չունենային, գործարանը վաղուց փակած կլինեին: Այլընտրանք չէր լինի: Նոր իշխանություններին ժամանակ է պետք՝ հասկանալու ծրագիրը, քանի որ նախագծում ներառված պաշտոնյաներին նորերն են փոխարինում:

Մեջլումյանն էլ է փաստում ՝ վերջին ամիսների գազոտվածությունն իրենք էլ են տեսնում:
«Պարզապես սա այն իրավիճակն է, երբ մենք ոչ մի բան, ցավով պիտի ասեմ, չենք կարող փոխել»:

«Արտադրական ցիկլի փոփոխություն չի եղել, ծավալները չեն ավելացել, ասում է «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» (ACP ) ՓԲԸ տնօրեն Լուսինե Մեջլումյանը։

Ծխի ավելացումը կապում է կլիմայի փոփոխության հետ: Պատմական ակնարկ անելով՝ փաստում է՝ նախկինում գործարանն է նպաստել Ալավերդի քաղաքի զարգացմանը, այժմ՝ գործարանը խանգարում է քաղաքին: Նա ալավերդցիներին կոչ է անում համբերատար լինել ու սպասել խոշոր ներդրումային ծրագրի իրականացմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button