ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ է լռում «Երեւան» հիմնադրամը


Երեւանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովից «Ռադիոլուրին» հայտնել են, որ «Երեւան» հիմնադրամի լուծարման մասին լուրն իրականությանը չի համապատասխանում։

Ուղղակի  քննարկման է դրված հիմնադրամի գույքը մայրաքաղաքին նվիրելու նախագիծը։ Եվ այս լուրերի ֆոնին տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացրել հիմնադրամում, առգրավվել են փաստաթղթեր:

Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացրել Երևանի քաղաքապետարանում:  Առգրավվել են «Երևան» հիմնադրամի փաստաթղթերը: ՀՀ  երկու քաղաքացիների կողմից հաղորդում է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, պարտադրել են  հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է: Հարուցվել է քրեական գործ:

Երեւանի ավագանու իրավականը հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ ԱԱԾ գործողությունների պատճառով շատ հնարավոր է հունիսի 15- ին իրենց հանձնաժողովի օրակարգում չներառվի հիմնադրամի գույքը Երեւանի նվիրաբերելու հարցը։

«Եթե փաստաթղթերը տարել են, մենք չենք կարող ուսումնասիրել ինչ գույքի մասին է, որ նվեր պիտի տրվի Երևանին, հետևաբար, կարծում եմ, որ նպատակահարմար չէ, այդ հարցը թողել օրակարգում»:   

Խոսքը 500 մլն դրամից ավելի գույքի մասին է։ Մինչդեռ ֆեյսբուքում քննարկվում է «Երեւան» հիմնադրամի լուծարման հարցը,  կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում նշել էր, որ հիմնադրամ փակելով հետքերը դժվար է մաքրել:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը դիմել էր դատարան՝ «Երևան» հիմնադրամից ու Պետեկամուտների կոմիտեից պահանջելով ներկայացնել հիմնադրամին 100 հազար դրամից ավելի նվիրատվություն կատարած անձանց ցուցակը: Հիմնադրամը հրաժարվել էր ավագանու անդամներին ներկայացնել այդ տվյալները։ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ռադիոլուր»-ին հայտնեց.

«Այդ հիմնադրամը մեր որևէ  հարցմանը չի պատասխանել և չի տրամադրել այն տեղեկատվությունը, որը,  ըստ էության, բաց պետք է լիներ: Եվ հիմնադրամը տնօրինում է մեծ ծավալի գումարներ, որոնք տնօրինում է ոչ թափանցիկ կերպով»:

Նա ևս կարծում է, որ օրակարգ բերված նախագիծը հիմնադրամը լուծարելու մասին է։ Ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանը շեշտում է՝ նվիրատվությունը լուծարում չէ.

«Չէ, դրանք տարբեր բաներ են նշանակում: Հիմա նվեր է տալիս Երևանին, Երևանն ընդունում է: Դեռ չտվեց, մենք էլ չընդունեցինք: Խոսքը նախագծի մասին է: Դեռ այդ նախագիծը, հավանաբար, նախագիծ էլ կմնա»:

«Ռադիոլուրը» անցած երկու օրերին տարբեր ձևերով փորձեց պատասխան ստանալ նաև «Երեւան» հիմնադրամից: Մեր ո՛չ հեռախասազանգերին, ո՛չ գրություններին մինչ այս ոչ ոք չի արձագանքել։ Իսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից հայտնեցին, որ հիմնադրամին վերաբերող հարցերին լիազորված չեն պատասխանել։

Back to top button