Քաղաքական

Մոսկվայում Փաշինյան-Ալիեւ հանդիպում նախատեսված չէ

Նոր կառավարության ձեւավորումից հետո այսօր առաջին անգամ ճանաչողական այցով ՀՀ-ն են ժամանել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Արդեն հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Հանրապետության վարչապետը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին:

 

 

Համանախագհների տարածաշրջան առաջին այցը թավշյա հեղափոխությունից հետո: Մամուլը, փորձագիտական շրջանակներն այն որակում են որպես ճանաչողական։ Միջնորդների հետ Փաշինյանը հանդիպել է մինչեւ Մոսկվա մեկնելը, կարևորվել է կողմերի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած  հանձնառություններին, ինչպես նաև Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովներին  ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:

Հանդիպումից հետո վարչապետը մեկնում է Մոսկվան, ըստ իր մամուլի քարտուղարի, ներկա գտնվելու աշխարհի ֆուտբոլի առաջնության բացմանը: Մոսկվա է մեկնում նաեւ Ադրբեջանի նախագահը։ Փաշինյանի մամուլի քարտուղարը շեշտում է, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպում նախատեսված չէ։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը իր հերթին կարծում է, որ նման ձեւաչափով հանպատրաստի հանդիպումից արդյունքներ չի կարելի ակնկալել:

«Ես վախենում եմ, որ եթե Մոսկվայում այսօր կամ վաղը լինի նման հանդիպում, դա հաջողությամբ չի պսակվի, քանի որ արտգործնախարարների հանդիպում տեղի չի ունեցել, նախապատրաստական քայլեր չեն իրականացվել: Այդ շանսը մենք կկորցնենք, որը, իրոք կա: Գոնե սկսենք լսենք իրար: Ընդհանուր մթնոլորտ փոխնեք: Այլ բան է, որւ Պուտինը ոտքի վրա ծանոթացնի ու զրուցեն: Դա ուրիշ բան»:

Վերադառնալով Երեւանում գտնվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումներին տեղեկացնենք, որ այսօր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նրանց հետ խոսել է նախօրեին շփման գծում Ադրբեջանի կողմից Արցախի ՊԲ զինծառայողի սպանության մասին, շեշտել է, որ նման սադրանքներով ադրբեջանական կողմը լրջորեն կասկածի տակ է դնում խաղաղ գործընթացին իր հանձնառությունը։ Մինչ համանախագահների տարածաշրջան այցելությունը՝ Ադրբեջանը շփման գծի տարբեր հատվածներում  զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր է կատարում։

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ միջնորդ երկրները պետք է արագ արձագանքեն առաջնագծում Ադրբեջանի ակտիվությանը, հակառակ դեպքում էսկալացիայի նոր վտանգ է հասունանում: Իսկ ահա Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ էսկալացիա ցանկացած պահի կարող է լինել, բայց այսօր հավանականությունը մեծ չէ: Այն, որ Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է, քաղաքագետը չի հերքում, այն որ Իլհամ Ալիեւեը չի հարգում պայմանավորվածությունները, փաստ է: Բայց, ըստ Գրիգորյանի, մի քանի հանգամանքներ կան, որ Ադրբեջանը այս փուլում չի հարձակվի:

«ՀՀ-ի վարկանիշն այսօր բարձր է աշխարհում, թող իրանք սխալ անեն՝ սադրանք կազմակերպելով: Կհանդիպեն աշխարհի բացասական արձագանքին: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին: Ապա չեմ տեսնում, որ Ռուսաստանը ցանկանում է, որ Ադրբեջանը ինչ-որ գործողություններ իրականացնի, այլ շահագրգռված է, որ կայունություն պահպանվի տարածաշրջանում»:   

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը էսկալացիայի վտանգ նույնպես չի տեսնում։

Արդեն իսկ Մոսկվայում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Կողմերը փաստել են, որ տնտեսական և մարդասիրական փոխգործակցության տեմպերը դինամիկ զարգանում են։

Ցուցադրել ավելի
Back to top button