ԿարևորՔաղաքական

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Հունիսի 12-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Արժևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաքելությունը՝ նախարար Մնացականյանը կարևորել է այցը, ընդգծելով, որ այն հնարավորություն է ընձեռնում անմիջական առաջին շփումը հաստատել Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո։ ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը կարգավորման գործընթացում՝ շեշտելով, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։

Համանախագահները ՀՀ ԱԳ նախարարին են ներկայացրել հիմնահարցի հանգուցալուծման ջանքերում իրենց փորձառությունն ու մոտեցումները։

Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ, անդրադարձան բանակցային գործընթացի առաջմղման հնարավորություններին՝ այս համատեքստում կարևորելով խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը։

Անդրադառնալով նախօրեին շփման գծում Ադրբեջանի կողմից Արցախի ՊԲ զինծառայողի սպանությանը՝ նախարար Մնացականյանը շեշտել է, որ նման սադրանքներով ադրբեջանական կողմը լրջորեն կասկածի տակ է դնում իր հանձնառությունը խաղաղ գործընթացին։

Քննարկվել են եռանախագահների ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերը։

Back to top button