Հասարակություն

Հետհեղափոխական մամուլը հայտնվել է բարդ իրավիճակում

Նոր Հայաստանը մեծ հույսեր տվեց լրատվամիջոցներին՝ իրենց պարտականությունները կատարելու առումով, սակայն, կան նաեւ մտահոգող խնդիրներ:

«Մամուլի ազատության եւ ազատ խոսքի խնդիրները հետհեղափոխական Հայաստանում», — այս խորագրով իր հերթական քննարկումն է այսօր անցկացրել Մամուլի ազգային ակումբը:

Քննարմանը մասնակցել են ինչպես տպագիր մամուլի, այնպես էլ հեռարձակվող եւ առցանց լրատվական կազմակերպությունների ղեկավարներ:

 

 

Հետհեղափոխական մամուլը մի քիչ բարդ իրավիճակում է հայտնվել: «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը նկատում է, որ սրված կրքերի եւ զգացմունքների ազդեցությամբ՝ հասարակական որոշ շրջանակներ անհանդորժող են իրենց դուր չեկած նյութերի նկատմամբ: Նրանք անհավասարակշիռ են ընդունում նոր իշխանությունների վերաբերյալ հնչող ցանկացած քննադատական խոսք:

Քննադատության նկատմամբ շատ բացասական տրամադրվածներ կան նաեւ նոր իշխանության ներսում՝ հավելեց գլխավոր խմբագիրը: Թողեք, որ մամուլն աշխատի՝ իր հերթին նույն կոչը հակադարձում է Արմինե Օհանյանը: Նա կարծում է, որ իրենց հերթին նոր իշխանություններն էլ պետք է նպաստեն, որ մամուլն աշխատի օբյեկտիվության դաշտում:

«Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը կարծում է, որ երբեք էլ  ազատ խոսքը բացահայտ չի ճնշվել: Իր ղեկավարած հեռուստաընկերության օրինակով էլ  պարզաբանեց.

Նոր Հայաստանը մեծ հույսեր տվեց լրատվամիջոցներին՝ իրենց պարտականությունները կատարելու առումով՝ հավելեց «Ա1+»-ի ղեկավարը: Նրա ձեւակերպմամբ, այսպես ասած, այն երիտասարդ պոռթկումները, որ մեկ-մեկ դրսեւորվում են երիտասարդ եւ անփորձ լինելու արդյունք են: Հույս ունի, որ լրատվամիջոցներն իրենց պարտավորությունները կկարողանան կատարել: Հակառակ դեպքում, ասաց, անիմաստ կդառնա մայիսի 8-ը: «Այլընտրանքային նախաձեռնություններ»-ի ղեկավար Վահե Հովհաննիսյանը, սակայն, կարծում է, որ հետհեղափոխական Հայաստանում ազատ խոսքը հիմա ամենամեծ առաքելությունը պետք է ունենա, քան երբեւէ: Ըստ նրա՝ դրա ամենակարեւոր խնդիրն էլ մեկն է՝ լրատվամիջոցներին այլընտրանքային ֆինանսական միջոցների հնարավորություններով ապահովելը:

Դաշտում առկա բոլոր խնդիրները մեկ վայրում է տեսնում «Հանրայինը հանրությանը» նախաձեռնող խմբի անդամ Արման Վարդանյանը. «Մենք այս պահին ունենք խնդիրներ՝ կապված Հանրային հեռուստառադիոընկերության հետ, որոնք կուտակվել են նախորդ իշխանություններից»։

Նման մոտեցումը ոչ պրոֆեսիոնալ եւ անտեղի համարեց Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը:Հիմնական հարցերից մեկը, որ դեռեւս բաց է մնում, Հանրային ռադիոյի ղեկավարի խոսքով, այն է, թե արդյո՞ք նոր կառավարությունը լրատվամիջոցներին վերաբերելու է «սա իմն է, սա իմը չէ» սկզբունքով:

«Եթե այդ մոտեցումը շարունակի լինել, մենք կտեսնենք նույն պատկերը, նույն տեսարանը, ինչ-որ կար մինչ այդ: Եթե նոր կառավարությունը նման մոտեցում չորդեգրեց, ապա մենք կարող ենք խոսել ազատ մամուլի զարգացման եւ կայացման մասին»:

Կարեւոր հարցերից մեկն էլ  պատրաստ լինելն է՝ աշխատելու որպես ազատ եւ  պատասխանատու մամուլ, որոնք առանց միմյանց գոյություն չունեն: Մարկ Գրիգորյանը շեշտեց, որ Հանրային ռադիոն, համենայնդեպս, վերջին տարվա ընթացքում այդ սկզբունքով փորձել է ծառայել ոչ թե քաղաքական որեւէ ուժի, այլ՝   հանրության շահերին:

Back to top button