Տնտեսական

Հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները՝ նոր կառավարությունում

Հանքարդյունաբերության ոլորտն ու խնդիրները նոր կառավարությունում: Մինչ գործադիրը հանքավայրերում ստուգումներ է  պլանավորում, բնապահպանները բարձրաձայնում են ոլորտի բնապահպանական  ռիսկերի մասին։ Երեկ Լոռու մարզի Թեղուտ ու Շնող համայնքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել:

Շնող բնակավայրի ղեկավար Դավիթ Ղումաշյանը «Ռադիոլուր»-ին փոխանցել է, որ նրանք Թեղուտի  վերագործարկում են  պահանջում։ Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալեքս գրուպ»  ընկերության ֆինանսական տնօրեն Վարդան Արամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում խոսել է ոչ միայն այս ընկերության, այլ՝ ընդհանրապես հանքարդյունաբերության ոլորտի զարգացման մասին:

 

 

Երեկ  Լոռու մարզի Թեղուտ ու Շնող համայնքերի բնակիչները բողոքի ակցիան են անցկացնում։ Նրանց պահանջներն այսօր «Ռադիոլուրին» փոխանցեց  Շնող բնակավայրի ղեկավար Դավիթ Ղումաշյանը

«Թեղուտի վերաբացում, աշխատատեղերի համար: Փոխհատուցման մասին  խոսք չկա: Աշխատատեղեր են ուզում: Մարդկանց կրճատել են»:

Երկու ամսում դժվար է գնահատել, թե սոցիալական ինչ խնդիրներ ունեն բնակիչները՝ ասաց զրուցակիցս, միաժամանակ՝ նկատեց

«Իհարկե մարդիկ աշխատանք չունեն, վարկերի տակ են: Վերջնահաշվարկն ստացել են, հնարավորություն չունեն հետագա ամիսների  վարկերը փակելու»:

Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալեքս գրուպ» ընկերությունը տարեսկզբին  հայտարարեց, որ  հանքավայրի շահագործումը դադարեցնում է: Այժմ ընկերությունում փորձում են ֆինանսական խնդիրները հարթել: Ընկերության ֆինանսական տնօրեն Վարդան Արամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում, անդրադառնալով հանքարդյունաբերության հետ կապված խնդիրներին, փաստում է՝

«Որպեսզի որևէ որոշում կայացվի, պետք է համադրվեն դրական ու բացասական կողմերը: Իհարկե՝ շրջակա միջավայրի խնդիրը խիստ կարևոր է։ Եթե այդ ռիսկը կառավարելի է, կարծում եմ՝ ճիշտ է, որ մենք շարունակենք նաև հանքագործությունը: Այս ոլորտն այս պահին համարվում է տնտեսության կարևորագույն ճյուղ»:

Զրուցակիցս ընդգծում է՝ տնտեսության վրա  Թեղուտի չաշխատելը բացասաբար է ազդում.

«Թեղուտը Հայաստանում երկրորդն էր և աշխատողների թվով, և  վճարված հարկերով: Բնականաբար՝ իր տնտեսական էֆեկտն արդեն ի ցույց է դրել: Եթե շուրջ 1000 հոգի գործազուրկ է դառնում, դա թողնո՞ւմ է տնտեսական էֆեկտ, թե՞ ոչ: Իհարկե՝ թողնում է»:

Արամյանը պարզաբանում է՝ բնապահպանական խնդիրներ կային: Քանի որ ընկերությունն  օրինակելի է,  միջազգային չափանիշերին համապատասխանող, ապա տրամաբանական որոշում է կայացրել: Բնապահպան Սիլվա Ադամյանը  հակառակն է ասում՝ այնքան էին շատացել բնապահպանական խնդիրները, որ իրենք որոշեցին գործարանը կանգնեցնել:

«Այստեղ իհարկե մարդիկ են տուժում: Շատ անկեղծ եղավ Շնողի ժողովուրդը, ասաց՝ այն ժամանակ սոված էինք մեռնում, հիմա թունավորված սոված ենք  մեռնում: Միանշանակ՝ ժողովուրդը սովորել է, որ այնտեղ պետք է աշխատի: Այսօր իրենց ապրուստի գումարն է կտրվել: Դա հասկանալի է, բայց այն, որ մեծ վնասներ են պատճառվել շրջակա միջավայրին, նաև մարդկանց առողջությանը, դա էլ է ակնհայտ»:

Հունիսի 14-ին պարզ կլինի Թեղուտի հանքավայրի հետագա ճակատագիրը՝ մեզ փոխանցեց Ծնողի ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

Դեռ չշահագործված այլ  հանքավայրի շուրջ նույնպես կրքերը չեն հանդարտվում: Խոսքն այս դեպքում Ամուլսարի  մասին է, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում: Այսօր մամուլում հրապարակումներ կային, որոնց համաձայն «Լիդիան ինթերնեյշնլ»  ընկերությունը հայց է պատրաստում Լոնդոնի արբիտրաժային դատարան, որով պահանջելու է Հայաստանի իշխանություններին վճարել 2 մլրդ դոլար:  Պատճառը, ըստ հրապարակման, այն հիմնավորումն է, որ իշխանությունը չի կարողանում ապահովել աշխատանքի համար ընդունելի պայմաններ, որի պատճառով ընկերությունը միլիոնավոր դոլարների վնասներ է կրում: Զրուցել ենք  «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության փոխտնօրեն Արմեն Ստեփանյանի հետ:


«Լիդիանը» հերքում է Հայաստանի դեմ 2 մլրդ դոլարի դատական հայց պատրաստելու մասին լուրը


Սիլվա Ադամյանը հետադարձ հայացք նետելով ընդհանրապես հանքարդյունաբերության պատմությանը փաստում է՝ պատշաճ հանքարդյունաբերություն Հայաստանում չկա և իրավիճակն ու դժգոհությունը հենց սրա հետ է կապված:

Back to top button