Հասարակություն

Երեխաների ծանր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր աշխարհում կա մոտ 215 մլն աշխատող երեխա, ընդ որում նրանցից 115 միլիոնը աշխատում են վտանգավոր պայմաններում: Այսօր Երեխաների ծանր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրն է:  

Օրացույցում այս օրը նշանավորելու գաղափարն առաջացել է 1997 թվականին Օսլոյում և Ամստերդամում կայացած միջազգային կոնֆերանսի ժամանակ, որը վերաբերում էր երեխաների աշխատանքի հարցերին:

Երեխաների ծանր աշխատանքի դեմ պայքարի օրը (World Day Against Child Labour) հիմնվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից և ամեն տարի նշվում է հունիսի 12-ին: Իսկ ինչպիսի՞ն է պատկերը Հայաստանում:

Արթուր Դիմիտրյանի աշխատանքային փորձն սկսվում է տասը տարեկանից: «Ռադիոլուրի» հետ զրույցի ժամանակ կտրվեց գործից՝ խոսելու համար: Ապարանի 1000-ից ավելի գառներին ինքն է տանում արոտավայր:

Իրենց տան հիմնական աշխատանքը վերցրել է իր ուսերին։ Բնականաբար դրա համար չի վճարվում՝ ասում է, բայց նույն աշխատանքն ուրիշների համար էլ է անում ու վարձատրվում:

Գումարից չի բողոքում, սիրով ասում է, որ ամեն ինչ հասցնում է:

Ըստ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների՝ աշխատող երեխաների 88%-ը գյուղերում են, նրանց մեծ մասն աշխատում է ծնողներին օգնելու համար, հատկապես սեզոնային աշխատանքների շրջանում:

2015-ին ՀՀ աշխատանքային օրենսգրքում հստակեցվել են երեխաների աշխատանքային պայմաններն ու պահանջները, նաև սահմանվել են այն ոլոտները, որտեղ կարող են աշխատել երեխաները:

Սակայն մեր երկրում օրենքը խախտողները քիչ չեն: Անչափահասների աշխատելու հիմնական պատճառը սոցիալական է՝ փաստում է Մարդու իրավունքի պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրաելյանը:

Ոմանք օրվա հացի խնդիր են լուծում, ոմանք էլ ծնողներին են փորձում օգնել, ընդ որում արգելված աշխատանք են կատարում:

Այս ամենի արդյունքում կան երեխաներ, որոնք զրկվում են կրթությունից ու առհասարակ մանկությունից:

ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը հաստատում է, որ երեխաների կրթության որակի և մակարդակի վրա հարկադրված աշխատանքն ազդում է:

Մարդու իրավունքի պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը համոզված է՝ այս հարցում համախմբված աշխատանքն է, որ կտա իր արդյունքը: Պետք է ստեղծվի մի կառույց, որը կհամակարգի և կզբաղվի բոլոր խնդիրներով:

Պատճառները տարբեր են, հետևանքները՝ նույնը, բայց փաստն այն է, որ երեխաներից շատերը աշխատանքի պատճառով զրկվում են և մանկությունից, և կրթություն ստանալու հնարավորությունից:

Back to top button