ԿարևորՏնտեսական

Հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգին շուրջ 60 հազար քաղաքացի կմիանա

Ժամանակավոր բեռ՝ պետության համար. Հուլիսի 1- ից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, ի վերջո, կյանքի կկոչվի: Այն բյուջեի վրա լրացուցիչ 14 մլրդ դրամ կարժենա: Կառավարությունն այսօր արտահերթ նիստում է կայացրել որոշումը:

Հուլիսի 1- ից կենսաթոշակային կուտակային համակարգ պարտադիր բաղադրիչն ուժի մեջ մտնի: Կառավարությունն իր արտահերթ նիստում կայացրեց այս որոշումը: Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյան.

«Հիմա քայլեր ենք ձեռնարկում, որը այսօր կլսեք բոլոր մարդկանց եկամուտների նվազեցումը բավականին, շատ խիստ մեղմում ենք: Պետությունն իր վրա է վերցնում իհարկե ժամանակավոր  որոշակի բեռ»:

Որոշակի բեռը լրացուցիչ 14 մլրդ դրամ է, 2018-ին պետական բյուջեով  նախանշվել էր 43 մլրդ դրամ:

«Ռադիոլուրի» հարցազրույցը փոխնախարարի հետ մինչ կառավարության այսօրվա արտահերթ նիստն էր: Արդեն նախագծով սահմավում է, որ հուլիսի մեկից կուտակային համակարգի պարտադիր բաղադիչն ուժի մեջ կմտնի փոփոխված տարբերակով։ Աշխատողը նախկին 5 տոկոսի փոխարեն կվճարի 2,5 տոկոս, իսկ պետությունը՝ 7,5 տոկոսը: Ինչպես զրուցակցիս նշեց՝ սա ժամանակավոր լուծում է:

«Պարտադիր բաղադրիչը այո, նախատեսվում է, որ կմնա»:

Օրինակ՝ 200 000 դրամ աշխատավարձի դեպքում անձը կատարում է 10 000 դրամ սոցիալական վճար, իսկ պետությունն իր հերթին ավելացնում է ևս 10 000 դրամ։ Նախագծի համաձայն, անձը կվճարի 5000 դրամ (2,5 տոկոսը), իսկ պետությունը՝ 15 000 (7,5 տոկոսը)։

Այս դրույքաչափերը կգործեն մինչև եկամտային հարկի բարեփոխումներն  ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկը՝ նվազեցնելով նաև սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների համար։

Ռեֆորմի հիմքում կանգնած ֆինանսների նախկին նախարար,  «Վալլեքսգրուպ»  ընկերության  ֆինանսական տնօրեն Վարդան Արամյանը հետևելով նոր կառավարության  ու մասնավորապես վարչապետի հայտարարություններին՝ «Ռադիոլուրին» իր դիտարկումները փոխանցեց.

«Ուղղեք, եթե սխալ եմ ասում, բայց իմ տպավորությունն այն է, որ այս կառավարությունը ևս վերահաստատում է, որ կենսաթոշակային բարեփոխումները ճիշտ էին: Դա անխուսափելի է: Մենք ունենք արդեն մի իրավիճակ, ոը նաև վարչապետը փաստեց. աշխատուժի շուկայում զբաղվածների գերակշիռ մասն արդեն իսկ համակարգի մեջ է, այն ցույց է տվել, որ կենսունակ համակարգ է»:

Արամյանն էլ է վստահ՝ ռեֆորմի շարունակությունը ճիշտ է: Զրուցակիցս նաև պատասխանում է  կուտակայինի պարտադիր բաղադրիչը նույնպես հարկ է հարցադրումներին.

«Դա հարկ չէ, կարճաժամկետում տնօրինվող եկամուտը նվազում է, սակայն դա քո սեփական խնայողությունն է։ Սահմանադրությամբ է ապահովվում քո սեփականության իրավունքը կուտակված գումարների վրա: Պետությունն էլ մասնաբաժին է հանում խնայված գումարների համար»:

Ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը վստահեցնում է՝  կուտակայինի դեպքում քաղաքացին կենսաթոշակի անցնելիս ավելի շատ կստանա, քան ներկա գործող համակարգով է:

«50-70 տոկոս կկազմի աշխատավարձը կուտակելիս՝ նայած  երբ են անցել, ինչքան կուտակել: 1974թ ծնվածները կգան ծայրահեղ հատման կետին: Սակայն կուտակայինը ավելի շատ կլինի, քան կենսաթոշակն է»:

Փոխնախարարը նաև փոխանցեց, որ հուլիսի 1- ից համակարգին շուրջ 60 հազար քաղաքացի կմիանա: Կուտակված է շուրջ 120 մլրդ դրամ, եկամտաբերությունը՝ 12.8 տոկոս է: Փորձեցինք հասկանալ նաև, թե կուտակված գումարները որ ոլորտներում են ներդրվել.

«Կան, որ արժեթղթերի միջոցով գնացել են հենց տնտեսվարողներին, կան, որ հիպոթեքային պարտատոմսեր են ձեռք բերվել: Կան, որ բանկերում ավանդներ են դրվել»:

Այս ռեֆորմը մեկ անգամ արդեն  տապալվել, մեկ անգամ էլ հետաձգվել:

«Դեմ եմ» պարտադիր կուտակային համակարգին շարժման նախաձեռնող ակտիվիստներից Մանե Թանդիլյանը աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար նշանակվելով, կառավարությանն առաջարկել էր մեկ տարով հետաձգել պարտադիր բաղադրիչի ներդրումը:

Back to top button