ԿարևորՀասարակություն

Կառավարությունն առաջարկում է համատիրությունները լուծարել

Արդարադատության նախարարությունը համատիրությունների վերակազմավորման վերաբերյալ նախագիծ է մշակել, որը հունիսի 13-ին  հանրային քննարկման անցնելուց հետո ներկայացվելու է օրենսդրի հավանությանը:  

Ըստ նախագծի` համատիրությունների գործառույթները կատարվելու են կառավարիչների կողմից: Ի՞նչ ապագա է սպասում բազմաբնակարանային շեքերի սեփականատերերին՝ փորձել է պարզել «Ռադիոլուրը»:

Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանում գտնվող շենքերից մեկն  առաջին հայացքից թվում է վերանորոգված: Նման կարծիքը ձևավորվում է մուտքի երկաթյա դռնից: Սակայն երբ մտանք շենք, խորհրդային ժամանակների շունչն էր այնտեղ: Չկար լուսավորություն, իսկ մաքրությունը բնակչության ուժերով է կատարվում:

Բազմաբնակարան շենքի բնակչի խոսքով՝ 2005 թվականից է բնակվում այս  շենքում: Չի հիշում մի տարի, երբ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: Բնակիչներն իրենց միջոցներով են վերանորոգում՝ ասում է զրուցակիցս, ով չցանկացավ ներկայանալ:

«Կոնկրետ իմ տարբերակում պանելային շենք է և պանելների կցման տեղում ժամանակ առ ժամանակ խոռոչներ են  առաջանում: Եվ մենք ստիպված էինք ինքներս վերանորոգել, գումար վճարել, կանչել համապատասխան մասնագետ ու մեքենա, որպեսզի բարձրանա 4-րդ հարկ: Ինձ ասացին, որ ինչ որ մի բան եթե լինում է մուտքում, հնարավոր է իրենք օգտակար լինել: Իսկ եթե ինչ որ բան լինում է բնակարանի տարածքում և շենքում, դա բնակիչների խնդիրն է»:

Համատիրությանը պարտաճանաչ նախորդ տարվանից տարեկան  վճարում են  16 հազար դրամ, նախկին 4000 դրամի փոխարեն:  Բնակչի համար, սակայն, անհասկանալի է, ինչի համար են վճարումները, եթե աղբահանության համար առանձին վճար են գանձում, վերելակի սպասարկման համար առանձին, և այդպես շարունակ:

«Երբ որ ես հարց ուղղեցի համատիրության աշխատակցին, հարցնելով, թե ինչի համար եք թանկացնում վարձը, իրենք հիմնավորեցին, որ դա քաղաքապետարանի որոշումն է»:

Նույն տարածքը սպասարկող «Կայմ» համատիրության նախագահ Վարդուհի Իսպիրյանը վճարների թնկացումը համապեց ապատեղեկատվություն: Բազմաբնակարան շենքերում մեկ քմ թանկացել է 4 դրամով, ասում է: Իսկ մուտքերը վերանորոգվում են, այժմ մի քանի մուտքերում այդ գործընթացներն են ընթանում: Համատիրության  նախագահը լավ գիտի շենքերում առկա խնդիրները: Մեր զրույցի ընթացքում հատ-հատ թվարկեց, սակայն  դրան գումարեց  բնակիչների քիչ վճարունակությունը:

«Հիմնականում բողոքում են  նրանք, ովքեր չեն էլ վճարում: Բայց վճարող բնակիչն ինքն իր գումարի ետևից գնում է, ստանում սպառիչ պատասխան այդ գումարը որտեղ ծախսվեց, ի՞նչ արվեց»:

Համաձայն չէ համատիրությունները լուծարելու արդարադատության նախարարության մշակած նախագծի հետ: Դրանք անհրաժեշտ են, ասում է: Սակայն որ համատիրությունները կայացած չեն և վստահություն չունեն բնակչության կողմից, չի հերքում: Պատճառը  խորհրդային ժամանակներից  ժառանգած  անբարեկարգ վիճակի շենքերն են:  Երեւանի ավագանու << Ելք>> խմբակցության նախագահ Դավիթ Խաժակյանի խոսքով՝  սպասված նախագիծ է: Գործող համատիրություններն  ստեղծվել են ավանդույթի ուժով, այսպես ասենք, խորհրդային ժեկերի ժառանգորդն են։

«Իրենք գործում են իրենց համար և  որպես կանոն մեծամասամբ չեն  ներկայացնում բնակիչների շահերը»:    

Օրենքի նախագծով հնարավորություններ են ստեղծվում  մասնավոր կառավարիչների համար: Դրանց ընտրության հարցը, և ոչ միայն, անհանգստացնում է Բնակարանային կոմունալ ոլորտի աշխատողների միավորում ՀԿ նախագահ Ատոմ Սարգսյանին: Ճիշտ է շենքի սպասարկման կառավարչի գոյության գաղափարը, բայց կան խնդիրներ, որոնք  պարզաբանված և լուծված չեն՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է  նա: Օրինակ՝ համատիրությունն ունի բյուջե, բայց հաշվետու չէ։ Այս դեպքում ինչպե՞ս է այն լուծարվելու՝ մտահոգվում է Ատոմ Սարգսյանը:

«Դա ձև չէ պատասխանատվությունից խուսափելու»:

Դավիթ Խաժակյանն էլ հարցին պատասխանում է՝ օրենքով: Մինչև 2018 թվականի դեկտեմբերի մեկի դրությամբ՝ համատիրության տնօրինման տակ եղած ողջ գումարը պետք է փոխանցվի շենքերի բանկային  հաշիվներին կամ բնակիչներին:

«Մի քիչ խրթին, իհարկե, հարց է, քննարկման ենթակա: Հստակ է, որ այդ գումարները պետք է վերադարձվեն  և այդ համատիրությունների ենթակայության տակ գտնվող շենքերը դուրս գան»:

Իսկ կառավարիչների ընտրության հարցը կկարգավորվի կառավարության ծրագրով: Պետք է լինեն համատիրություններ, որոնք կներկայացնեն գնային առաջարկներ և բնակչությունը, ծանոթանալով պայմաններին, կընտրի իր կառավարչին: Իրավական կարգավիճակը երկրորդական հարց է, նշեց Դավիթ Խաժակյանը:

Back to top button