ԿարևորՔաղաքական

Արցախի քաղաքական ուժերը նոր պաշտոնափոխությունների են սպասում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

Արցախում ստեղծված իրավիճակը տեղի քաղաքական ուժերը տարբեր կերպ են գնահատում:   Մի կողմից կա գոհունակություն, որ իշխանությունները  մարդկանց պահանջին արձագանքեցին ու այս պահին հանգուցալուծումը խաղաղ էր, մյուս կողմից նաեւ գիտակցում, որ նոր քայլեր են անհրաժեշտ՝ նոր ստեղծվող իրողություններին արձագանքելու համար: Չնայած սրան դեռեւս ոչ բոլոր կուսակցություններն են քաղաքական հայտարարություններով  հանդես եկել:

 

Դաշնակցականները առաջինն են արձագանքել նախ տեղի ունեցած միջադեպին, ապա եւ տեսակետ հայտնել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ։ Արցախի ԿԿ ղեկավար Դավիթ Իշխանյանի խոսքով՝ իրենց հայտարարությամբ փաստել են, որ հարցը իրավական հարթությունից տեղափոխվել է քաղաքական դաշտ, իսկ այդ հարթությունում ակնկալելին քաղաքական «զոհերն» են։ Այնպես որ, պաշտոնանկությունների շարքը իրենց համար սպասելի էր:

Արցախի նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանը իր հրաժարականը բացատրեց նաեւ երկրի քաղաքական կյանքին ավելի ակտիվ մասնակցելու մտադրությամբ: Թեեւ նա հայտարարեց, որ իր կուսակցությունը եւ խմբակցությունն իր անձնական որոշումը հարգել են,  խմբակցությունից ու կուսակցությունից  այդ որոշման պատճառով արդեն հեռացող կա:

Ազգային ժողովի պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը այլեւս անկուսակցական է եւ թողնելու է նաեւ խորհրդարանի ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ սա եզակի դեպք է:

«Ազատ հայրենիքն» այս հրաժարականից հետո էլ խորհրդարանում մեծամասնություն է եւ շարունակելու է պաշտպանել գործող նախագահի գործունեության ծրագիրը:

Պետնախարարի հրաժարականը անսպասելի էր նաեւ ժողովրդավարներից Վարդգես Բաղրյանի համար: Նա հիշեցնում է, որ «Ազատ հայրենիքն» իրենց կուսակցության եւ դաշնակցականների հետ պատասխանատվություն  է ստանձնել նախագահի ծրագրի իրականացման համար:

Բոլոր քաղաքական ուժերն էլ նոր պաշտոնափոխությունների են սպասում, դրանք թելադրված են հանրային  պահանջով,  որն  ավելի խորը պատճառներ ունի, քան՝ մի խումբ անձանց փողոց դուրս գալը:

Եթե հունիսի մեկին սկսված շարժումն արդեն փողոցից տեղափոխվել է գրասենյակ եւ ստեղծված հանրային խորհուրդն արդեն հազարից ավելի տարաբնույթ դիմումներ ունի, ապա դա չի բացառում  նոր նախաձեռնություններն ու նոր պահանջները:

Վարդգես Բաղրյանը  չի ուզում գնահատականն տալ նոր նշանակումներին։ Երիտասարդ կադրեր են, բայց կկարողանա՞ն արդյոք տանել այդ ծանր բեռը. հռետորական հարց է տալիս, նաեւ ակնկալում, որ   հետագա նշանակումներում պատահական անուններ չեն հայտնվի: Ստեղծված իրողություններն ավելի բաց հասարակություն կառուցելու պահանջ են դրել:

Դաշնակցական Դավիթ Իշխանյանի դիտարկմամբ՝ արդեն նոր խմորումներ կան, եւ դրանք  նոր սկզբունքների որդեգրման պահանջ են դնում: Միայն կադրային փոփոխություններով ստեղծված իրավիճակը հաղթահարել հնարավոր չի լինի։ Նոր Սահմանադրությունից մեկուկես տարի հետո  խնդիրներ են առաջացել, որ  լուծելի են միայն Մայր օրենքի շրջանակում:

Ստեղծված իրավիճակի պատճառը  2017թ սահմանադրական փոփոխությունների մեջ է տեսնում նաեւ ընդդիմադիր Հայկ Խանումյանը: Նրա կարծիքով ՝ դրանք կատարվել են մեկ անձի իշխանության վերարտադրության նպատակով: Դա  կարմիր գիծ էր, որը, ըստ Խանումյանի,   անցել են Բակո Սահակյանը, «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական կուսակցությունները: Այս ուժերը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, 2020 թվականի ընտրությունների վրա չպետք է ազդեցություն ունենան:

Ըստ Հայկ Խանումյանի՝ այս առաջարկը խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների օրակարգում են պահելու:  Չնայած քաղաքական ուժերից եւ ոչ մեկն առայժմ ապագա քաղաքական նկրտումների վերաբերյալ հայտարարություն չի արել, ակնհայտ է, որ հունիսի  1-ից սկսված  նոր իրավիճակը նրանց  ավելի ակտիվ գործունեության է դրդել։ Զրուցակիցներս վստահ են, որ այսուհետ Արցախի խորհրդարանում ավելի ակտիվ ու բաց քննարկումների ականատեսը կդառնանք:

Back to top button