Հասարակություն

Արցախյան պատերազմի «Ապրելու բանաձեւը» ներկայացվեց նաեւ Հունաստանում

Տարիներ շարունակ Հանրային ռադիոյի եթերում հնչում է «Ապրելու բանաձեւ» հաղորդաշարը, որի նյութն ինքնին հուզիչ է, բայց նաև հույս, հպարտություն ու լավատեսություն ներշնչող: Հաղորդաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանը տարիներ շարունակ մեկ առ մեկ հավաքում ու ներկայացնում է արցախյան ազատամարտում անմահացած մեր հայորդիների կյանքն ու նրանց սխրանքի պատմությունները` յուրաքանչյուր պատմության հետ վերապրելով  սեփական վիշտը։ <<Ապրելու բանաձեւ>> մատենաշարի 11-րդ հատորի շնորհանդեսը  հեղինակի ներկայությամբ տեղի է ունեցել նաեւ Աթենքում։

 

Յոթ հազար նահատակ, 7 հազար մարդու պատմություն, որ Արցախյան պատերազմի տարիներին ապրելու իրենց բանաձեւով թելադրում են յուրաքանչյուրիս՝ պահպանել հիշատակը, գնահատել հերոսանալու ճանապարհը բռնած մեր հայորդիներին: Հանրային ռադիոյի <<Ապրելու բանաձեւ>> հաղորդաշարի ու նույնանուն հերոսապատում-մատենաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանը տարիներ առաջ սկսեց մի աշխատանք՝ ի հիշատակ իր որդու՝ սերժանտ Աշոտ Չախոյանի։ Գրի է առնում ու սերունդներին ժառանգություն թողնում առաջնագիծը, հայրենիքի սահմանները արյան գնող պահող տղաների ընդհատված հերոսական պատմությունները: Հունահայ համայնքը, տեղյակ լինելով մատենաշարի կարեւոր առաքելության մասին, ցանկություն էր հայտնել անձամբ ճանաչել ու զրուցել պատմա-վավերագրական մատենաշարի հեղինակին: Եվ օրերս Աթենքի հայ ավետարանական եկեղեցու հրավերով տիկին Մարտիկյանը Հունաստանում հանդիպումներ ունեցավ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Ես իհարկե, ներկայացրեցի իմ աշխատանքը՝ թե՞ ինչպես եմ հասնում գյուղից գյուղ, զրուցում ընտանիքի անդամների հետ, մարտական ընկերների: Լսելուց նրանց աչքերը կլորանում էին, ու երեւի մտածում ու պատկերացնում՝ թե՞ ինչ տաժանակիր աշխպատանքն է  կատարում  այս վտիտ կինը, ով, ըստ երւեւույթին հիմա պետք է տանը նստեր ու վայելեր կյանքը՝ դրական առումներով: Բայց ինձ համար այդ կյանքի վայելքը այս պահին եւ այսուհետ, հենց միայն այն է, որ կարողանամ պատմությանը հանձնել բոլոր հերոսների կենսագրությունը: Ինձ համար հերոս են բոլոր այն տղաները ովքեր հագան զիվորական համազգեստ ու մտան մարտի դաշտ»:  

<<Ապրելու բաանձեւ>> մատենաշար- գրքի հերոսները կերտեցին ոսկեդարյա ՀՀ պատմությունը, որի մասին մշտապես պետք է խոսել, պատմել ու հպարտանալ՝ հավելում է տիկին Մարտիկյանը ու հունահայ համայնքի հետ տեղի ունեցած բովանդակալից ու տպավորիիչ հանդիպումից առանձնացնում հարց ու պատասխանի հատվածը, որ Սփյուռքում, ու ոչ միայն, այսօր հայապահպանության խնդիր կա, ու երիտասարդներին պետք է ներկայացնել հայրենիքի ու հայի իսկական ու իրական կերպարը, որը պահպանելու ու լիարժեք դարձնելու առաքելությունը դրված է յուրաքանչյոււրիս ուսերի վրա:

«Ի՞նչ կարող ենք անել ՀՀ օգտակար լինելու համար: Սա ինձ համար այս հանդիպման երեւի թե մեծագույն նվաճումն էր: Եթե երիտասարդը հանդիպումից հետո ինձ հարցնում է նման բան,,,ես խորը շունչ քաշեցի եւ ասեցի, նախ պահպանել լեզուն, հավատը, մոռանալ եւ կուսակցական պատկանելիություն, եւ մոռանալ միմյանց բաժանող անջրպետները հաղթահարել, ու շատ զավակներ ունենալ, քանի որ իսկական հայերի պակաս զգացվում է Հայրենիքում եւ Սփյուռքում»:

<<Ապրելու բանաձեւ>> գրքի 12-րդ հատորը լույս կտեսնի այս տարվա վերջին: Գոհար Մարտիկյանը հույս հայտնեց, որ մատենաշարի հատորները չեն մեծանա՝ զոհված հայ քաջերի պատմություններով, այլ բազմահատորյակ կդառնան նրանց կենդանության հաղթանակներով:

Back to top button