ԿարևորՀասարակությունՑեղասպանություն 100

Երիտասարդների փաստարկներից հետո ցեղասպանությունը ժխտող գործիչը հեռացել է իր իսկ գրքի շնորհանդեսից

Մարինա Մարտիրոսյան
«Ռադիոլուր»- Մոսկվա

Մոսկվայի Նոր Արբատի «Դոմ կնիգի» գրախանութում ամերիկացի գործիչ, Վիրջինիայի «Marine Corps» համալսարանի ռազմական պատմության պրոֆեսոր, նախկին բարձրաստիճան զինվորական գործակալ Էդվարդ Էրիքսոնի Հայոց ցեղասպանությունը ժխտող հերթական գրքի շնորհանդեսը խափանվել է մի խումբ հայ երիտասարդների շնորհիվ: Շնորհանդեսին ներկա Մոսկվայի  թուրքական եւ ադրբեջանական համայնքների գործիչների ներկայությամբ նրանք ցեղասպանության հարցով բանավեճի մեջ են մտել հեղինակի հետ։ «Ռադիոլուրը» կապ է հաստատել տղաներից մեկի հետ՝ միջադեպի մանրամասները պարզելու համար:

 

Դավիթ Աղաջանյանի խոսքով՝ իրենք իմացել էին այս գրքի մասին, թուրքական համայնքից  ձեռք էին բերել, ուսումնասիրել : Հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներով նախապես որոշել էին գնալ այնտեղ եւ խոսքով հանդես գալ:  Համայնքի ջանքերի շնորհիվ գրախանութը հեղինակին թույլ չի տվել, որպեսզի պաշտոնական տոնական արարողություն տեղի ունենա, ինչը սովորաբար տեղի է ունենում Էրիքսոնի Հայոց ցեղասպանությունը ժխտող գրքի շնորհանդեսի ժամանակ:

Հայ երիտասարդները բանավեճի մեջ են մտնում Էրքսոնի հետ։ Դավիթը, մասնավորապես, դիմելով ամերիկացի գործչին ասում է.

«Հասկանում եմ ձեր «դժվար» կացությունը եւ չեմ ցանկանում խոսել հայ-թուրքական հարաբերութիւնների մասին: 2014 թ. կայացած ձեր ելույթի ժամանակ ասել էք հետևյալ խօսքերը.«պատմութիւնը մանեկէն է, որը դու կարող ես հագցնել ինչպէս ցանկանաս»: Այո, դա «կարկատան է», երբ Աբրահամ Լինքոլնը երկար տարիներ պայքարելուց  հետո  հասավ ստրկության վերացմանը, դա «կարկատան է», երբ Մարտին Լյութեր Քինգ–ը իր համակիրների հետ կազմակերպեց Վաշինգթոնի երթը եւ արտասանեց «Ես մի երազանք ունեմ» լեգենդար ճառը, կարող եմ բերել մի շարք այլ պատմական դրվագներ, որոնք կերտել են  ձեր իսկ հայրենիքի պատմության փառահեղ էջերը:  Ամերիկյան ժողովրդի գաղափարախոսությունը փաստորեն « կարկատան» է արված: Դա դուք եք ասում»:

Այս խոսքերից հետո հեղինակի նյարդերը տեղի տվեցին:Մի քանի վայրկյան հետո նա վեր կեցավ եւ համեստորեն «հեռացավ» իր իսկ գրքի շնորհանդեսից՝ թողնելով մի շարք ազերի եւ թուրք երկրպագուների, որոնք սպասում էին, որ մակագրեր իրենց ձեռք բերած գրքերը:

Դավիթի և հայ երիտասարդների նպատակն է հեղինակազրկել Էդվարդ Էրիքսոնի Հայոց ցեղասպանության մասին, այսպես կոչված, գիտական թեզը։ Ըստ նրանց՝ դա հնարավոր է լրատվամիջոցների հետ համագործակցության արդյունքում:

Back to top button