ԿարևորՀասարակություն

Տարոն Մարգարյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը․ Արթուր Գեւորգյան

Երևանի քաղաքապետարանի դեմ քրեական գործ է հարուցվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը: Նա մասնավորապես իր էջում հրապարակել է քրեական գործ հարուցելու մասին ոստիկանության որոշումը և գրառում կատարել․

«Այսօր ստացա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության որոշումը, որում նշված է, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ․

«Առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու, կեղծ փաստաթղթեր կազմելու, ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և պարտականությունները ոչ պատշաճ կատարելու առերևույթ դեպքերի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով»:

Նշենք, որ Ոստիկանությունը գործը հարուցել է՝ շների ստերջացմամբ զբաղվող «Յունիգրաֆ-Իքս» ընկերության գործունեության դեմ եղած բողոքները հաշվի առնելով: Կենդանիների պաշտպանները տարիներ շարունակ ահազանգում էին, որ  ընկերությանը կասկածում են փողերի լվացման մեջ։

Զարուհի Հովհաննիսյանը գրառմանը կից ներկայացրել է ոստիկանության որոշման լուսապատճենները։

Ի պատասխան վերոհիշյալ գրառման՝ հայտարարություն է տարածել նաեւ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, ով հայտնել է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։

Հրապարակումը ներկայացնում ենք ստորեւ․

Այսօր որոշ լրատվամիջոցների կողմից տարածվել է քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ շների ստերջացմամբ զբաղվող «Յունիգրաֆ-Իքս» ընկերության գործունեության դեմ եղած բողոքները հաշվի առնելով:

Քանի որ Երևանի քաղաքապետարանը տվյալ ընկերության հետ ունի որոշակի պայմանագրային հարաբերություններ, ակտիվիստը մեկնաբանել է դա իբրև Երևանի քաղաքապետի դեմ քրեական գործի հարուցում, ինչը բացարձակ ապատեղեկատվություն է:

Ինչպես մայիսի 24-ին արդեն առիթ ունեցել եմ մեկնաբանելու, մեկ անգամ ևս շեշտեմ, որ թափառող կենդանինների վնասազերծման (ստերելիզացիայի) ծառայությունների ձեռք բերումը իրականացվել է գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով-մրցույթով՝ բաց ընթացակարգով: Ծառայությունների համար կնքված պայմանագիրն էլ հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։

Վերոնշյալը հաշվի առնելով հորդորում եմ զերծ մնալ անհարկի շահարկումներից և ավելորդ հուզականությամբ չմիջամտել իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործընթացին:
Ցուցադրել ավելի
Back to top button