ԿարևորՏնտեսական

Կուտակայինի 120 մլրդ դրամ ներդրված է տնտեսության մեջ. կառավարությունը մտածում է՝ ի՞նչ անել պարտադիր բաղադրիչի հետ

 

Նախորդ իշխանության նախաձեռնած մեկ անգամ տապալված ու մեկ անգամ էլ հետաձգված՝ Կենսաթոշակային կուտակային համակարգի   պարտադիր բաղադրիչի  շուրջ  քննարկումները ակտիվացել են:  Թեմային օրերս խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ: Հարցը  քննարկվել է նաև կառավարության ղեկավարի  ու քաղաքացիական ակտիվի անդամների հետ հանդիպման ժամանակ: «Ռադիոլուրն» այդ  հանդիպումից, ու ոչ միայն, որոշ  մանրամասներ է պարզել:

 

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է քաղաքացիական ակտիվի ներկայացուցիչների հետ: «Ռադիոլուրի» զրուցակից Լևոն Զաքարյանը նույնպես ներկա էր այդ հանդիպմանը: Ի թիվս այլ  հարցերի, քննարկվել է նաև  հուլիսի 1- ից ուժի մեջ մտնող  կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի, այսպես ասենք, հետագա ճակատագիրը:

«Պարոն Փաշինյանն ասաց, որ լավագույն լուծումներն են փնտրում: Չի բացառվում, որ եկամտային հարկը իջեցվի, որպեսզի կարողանանք ճիշտ բալանսի բերել»:

Զրուցակիցս նույն այդ հանդիպմանն առաջարկել է օրենքը մեկ տարով հետաձգել: Պատճառը՝ բարեփոխման  պարտադիր բաղադրիչն է։ Հիշեցնում է՝ եկամտային հարկին միացավ կենսաթոշակային վճարը,  իսկ այժմ առանձին ևս 5 տոկոս պահում է արվելու  կենսաթոշակային համակարգին միանալու համար: Իսկ ամենամեծ խնդիրը՝ անվստահությունն էր նախորդ իշխանության նկատմամբ :

Այժմ վստահություն կա, սակայն անպատասխան  հարցերն են շատ. «Եթե մեկ տարի ժամանակ լինի ու հանրային մեծ քննարկումներ կազմակերպվեն, հնարավորություն ստեղծվի նաև մասնագետներ հրավիրվեն: Կարելի է նաև այդ քննարկումներին հրավիրել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ով ՍԴ-ում  պաշտպանում էր, որպեսզի այս օրենքը չընդունվի: Լուրջ քննարկումների կարիք կա, և ես կարծում եմ , որ լավագույն լուծումը ևս մեկ տարով կասեցումն է, մինչև հասկանանք, որն է  ամենալավ լուծումը»:

Այս պահին էլ խնդրահարույց դրույթներ կան՝ ինչու պետք է կուտակայինին պետական համակարգում աշխատողները հիմա վճարում անեն, մասնավորը՝ ոչ: Զրուցակիցս հիշեցնում է «Պարտադիր, բայց որ պարտադրված»  դրույթը, երբ աշխատավայր փոխելիս արդեն անկախ իր ցանկությանը աշխատողը միանում է համակարգին:

Նույն՝ մեկ տարով հետաձգելու առաջարկով հանդես է եկել նաև   «Դեմ եմ» շարժման ակտիվիստներից Մանե Թանդիլյանը՝ աշխատանքի ու սոցիալական հարցերի ներկա նախարարը։

Թեմայի շուրջ քննարկումներն ակտիվացան հատկապես, երբ օրեր  առաջ խորհրդարանական ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության առաջիկա ամենալուրջ մարտահրավերներից մեկը պետք է լինի կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը։

Որոշումներ կայացնելիս՝ կառավարությունը պետք է մի քանի փաստ հաշվի առնի:

Վարչապետի խոսքով, այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ: Պարտադիր կուտակային համակարգի մոտավորապես 80 տոկոսն արդեն իսկ ներառված են համակարգում: Շահառուների միայն 20 տոկոսն է, որոնց ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1- ից հետո։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ կուտակային հիմնադրամների կառավարումն իրականացնում են աշխարհում հսկայական հեղինակություն վայելող ընկերություններ, որոնց  կապիտալն ավելի շատ է, քան  Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն։ «Ոլորտի ամենահեղինակավոր մասնագետները պնդում են, որ այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը՝ ռուսերեն точка невазврата»։

«Ռադիոլուրի»  մյուս զրուցակիցը Դավիթ  Փիլիպոսյանն է։ Նա  նույնպես մասնակցել է  կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ ուղղված ակցիաներին: Ի տարբերություն նախկին իշխանության, վարչապետին վստահում է, սակայն մի շարք  անպատասխան հարցեր կան։ «Ընդհանուր համակարգին կողմ եմ, պարտադիրին եմ դեմ: Միգուցե վեց ամիս կամ  հինգ տարի հետո ես կամավոր միանամ համակարգին»:

Կամավոր լինելու դեպքում էլ «Ռադիոլուրի» մյուս զրուցակիցը՝   Լևոն Զաքարյանը կարծում է, որ պետք է  պետությունը գումարների վերադարձի երաշխավոր պետք է դառնա, ինչպես օրինակ, ավանդների հատուցման դեպքում է։ Բարեփոխման հիմքում կանգնած ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ավելի վաղ անդրադարձել էր նաև կուտակված գումարները բյուջեն լցնելու մտահոգություններին։ «Դա պաշտպանված է  Սահմանադրությամբ: Եթե պետությունը փորձի այդ գումարները բյուջե բերել, դա նույնն է, թե պետությունը փորձի մեկի բնակարանը կամ առանձնատունը  խլել»:

«Ռադիոլուրի»  տնտեսագետ զրուցակիցը՝ Գագիկ  Վարդանյանը,  վստահեցնում է՝ ՀՀ քաղաքացին պետք է վստահորեն կուտակի ու  կարողանա խնայել:  Նա եվրոպական փորձն է մատնանշում ու համեմատում Հայաստանի հետ:

«Մեր իրականության մեջ մարդիկ 70 տարեկանում էլ ցանկանում են աշխատել, դա լավ օրից չի,  ցանկանում են, որովհետև կուտակումներ չկան»:

Այս տարի  պետական բյուջեով   43 մլրդ դրամ է նախատեսվել  ինչպես համակարգում ընդգրկված շահառուների, այնպես էլ նոր միացողների համար։

Կառավարությունում խոստանում են հնարավորինս արագ որոշում կայացնել ու տեղեկացնել քաղաքացիներին:

Ցուցադրել ավելի
Back to top button