Հասարակություն

Որքան գումար կհաջողվի ԱԱԾ-ին վերադարձնել պետբյուջե

Կոռուպցիոն սխեմաների գործով ԱԱԾ-ում արդեն հարցաքննվել է ՊԵԿ փոխնախագահը: Գրավոր պարզաբանումներ այսօր ԱԱԾ ուղարկելու է նաեւ ՊԵԿ ղեկավարը: Այս գործերով զարգացումները դեռ կանխատեսելի չեն:

«Ռադիոլուր»-ը փորձել է հասկանալ՝ որքան գումար կհաջողվի ԱԱԾ-ին վերադարձել պետբյուջե եւ ինչու այս պահի դրությամբ աղմկահարույց բացահայտումները չեն ուղեկցվում նույնքան աղմկահարույց ձերբակալություններով:

 

Եկամուտները թաքցնողներին բոլոր հեռու եւ մութ ծակերից հանելու եւ վերադարձնելու մասին վարչապետը երեկ խոսեց Աժ-ում: Տուգանված գործարարների մի մասը դեռեւս  փորձում են ձեւավորել հալածյալի եւ հետապնդվողի տպավորություն: Այսպիսի մտածելակերպն ընդունելի չէ վարչապետի համար:

Տարբեր գնահատականների համաձայն՝ Հայաստանի տնտեսության գրեթե կեսը ստվերային դաշտում է: Սա հաստատում է ինչպես Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը, այնպես էլ տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը: Պարզապես վկայակոչվող աղբյուրներն են տարբեր:

Նոր կառավարությունը չի թաքցնում՝ շատերին օրինական դաշտ բերելու ու նաեւ յուրացումները բյուջե վերադարձնելու արդյունքում հաջորդ տարվա բյուջեի պատկերը զգալի կփոխվի: Միայն «Նորֆոլք Քոնսալթինգ»-ի կոռուպցիոն սխեմայով ընկերությունը պետբյուջե պակաս է վճարել 7 միլիոն դոլարին համարժեք գումար:

Դրա մի մասը՝ 3 միլիոնը, ընկերության տնօրենն արդեն վերադարձրել է պետական բյուջե: Կան նաեւ բացահայտված բազմաթիվ այլ սխեմաներ, մի մասն անգամ չի հրապարակվում: Այս ամենով հանդերձ՝ ձերբակալությունների աղմկահարույց շղթա այդպես էլ չեղավ: Ինչու՞. պատասխանում է ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը:

Այստեղ ոչ թե կամայական որոշումների գործոնն է, այլ կիրառվում է քրեական օրենսգրքի 205 –րդ հոդվածը:

Արթուր Վանեցյան

Բացահայտումների գործով ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն արդեն հարցաքննվել է ԱԱԾ-ում: Սա հաստատում է նրա ղեկավարը՝ Դավիթ Անանյանը: ԱԱԾ-ն նաեւ իրենից է պարզաբանումներ սպասում՝ գրավոր պատասխաններն Անանյանը պատրաստվում է ներկայացնել այսօր: Ինչ պարզաբանումներ են տվել եւ ասել ԱԱԾ-ում՝ քննությանը չխանգարելու պատճառաբանությամբ չեն բացահայտում: Այս գործերով զարգացումները դեռ կանխատեսելի չեն: Այս պահի դրությամբ ԱԱԾ-ն չի բացահայտում նաեւ պետբյուջե վերադարձված գումարի չափը:  Սա արդեն կպարզվի ՊԵԿ փորձագիտական հաշվարկներից հետո:

Back to top button