Հասարակություն

Անապահովների համար հոսանքը կէժանանա (լրացված)

Մեր երկրի սոցիալապես անապահով  մոտ 120 հազար ընտանիքների համար  հնարավոր է հուլիսի մեկից տասը դրամով նվազի էլեկտրաէներգիայի սակագինը: Հայաստանի էլեկտրական ցանցերը ինքնակամ՝ իր շահույթից, որոշել է նվազեցնել հոսանքի գինը:

Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը վստահեցրել է՝ ընկերության վրա ճնշումներ չեն եղել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է՝ ուսումնասիրությունները կշարունակվեն, առաջիկայում Գրիգորյանը կզեկուցի՝ եղե՞լ են արդյոք ոլորտում կորուստներ ու կոռուպցիա: Գազի սակագնի փոփոխություն այս պահին չի սպասվում:

 

Մոտ տասը օր. Հայաստանի կառավարությունում  ուսումնասիրեցին գազի ու էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր փոփոխության հարցը: Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդյունքների մասին հետաքրքրվեց էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանից: Պարզվեց՝  էլեկտրաէներգիայի հետ կապված ռիսկերը շատ են:

Տնտեսագետ, հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ  Արտակ Մանուկյանը  ավելի վաղ  անդրադառնալով ՀԷՑ-ի կորուստներին՝  «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել էր՝ չնայած ՀԷՑ-ում  կորուստների ցուցանիշը նվազել է նախկին 12-ի փոխարեն 9 տոկոս, սակայն դեռ անելիքներ կան:

Քննարկումների արդյունքում հնարավորություն կա մոտ տասը դրամով իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 120 հազար անապահով ընտանիքների համար: Վերջնական որոշման դեպքում հնարավոր կլինի նվազեցնել արդեն հուլիսի 1- ից:

Օգոստոսի 1- ից սակագները կվերանայվեն, եթե ՀԾԿՀ- ն որոշումն ընդունի։ Այս դեպքում՝ ՀԷՑ-ն ինքն է որոշել նվազեցնել՝ պարզաբանեց նախարաըը: Ինչու՞  է մասնավոր ընկերությունը գինը նվազեցնում՝ շահույթի հաշվին, կա՞ն արդյոք  «Տաշիր Կապիտալ» ընկերության վրա ճնշումներ:

«Ոչ, համատեղ քննարկման արդյունքում որոշվել է իրենք իրենց հաշվին կատարեն: Մեր կողմից որեւէ ազդեցություն չի եղել եւ չի էլ կարող լինել»:

Անդրադառնալով գազի գնի հնարավոր նվազեցման խնդրին՝ նախարարը հստակեցրեց՝ մինչև դեկտեմբերի 31-ը համապատասխան պայմանագիր կա, որով սակագնի փոփոխություն նախատեսված չէ: Գազի գնի վերանայման շուրջ բանակցությունները կսկսվեն նոյեմբերից:

Գրիգորյանը  փոխանցեց իրենց դիրքորոշումը  ՀՀ ներկրվող գազի գնի  շուրջ «շահագրգռված  են, որ ՀՀ էժան գազ ներկրվի»:

Back to top button