Հասարակություն

Բողոքների գերակշիռ մասը վերաբերել է բժշկական փորձաքննություններին. ՄԻՊ զեկույց

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստն էր։

Ներկայացվեց ՀՀ ԶՈՒ-ում մարդու իրավունքների վերաբերյալ օմբուդսմենի  2017-ի տարեկան հաղորդումը:

 

2017-ին 4 անգամ աճել է բանակում հիվանդության պատճառով մահացության դեպքերի թիվը. մտահոգիչ այս թիվը հրապարակեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փորձագետ Անգելինա Հարությունյանը։

18 դեպք է գրանցվել, երբ հիվանդության պատճառով զինվոր է մահացել, և  սա այն դեպքում, երբ 2016-ին ընդամենը 5 նման դեպք  է եղել: Ըստ փորձագետի՝ սա վկայում է, որ մեծ թվով հիվանդ զորակոչիկներ են զորակոչվել կամ հիվանդություններ են ձեռք բերել հենց բանակում:

Անգելինա Հարությունյանն իր մտահոգությունը հայտնեց «Մարդու իրավունքները Զինված ուժերում» Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թ. տարեկան զեկույցի քննարկման ժամանակ:

Մինչ այդ՝ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանն էր հայտարարել, որ բողոքների գերակշիռ մասը վերաբերել է բժշկական փորձաքննություններին:

2017-ին հիվանդությունների սրացման պատճառով 24 ժամկետային զինծառայող արձակվել է ծառայությանից:  Արման Թաթոյանն ասում է, որ երբ ՄԻՊ   ներկայացուցիչները մասնակցում են բժշկական հանձնաժողովների նիստերին, հնարավորություն են ունենում խնդիրն ավելի լավ գիտակցել և արդյունավետ միջոցներ ձեռնարկել:  Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, սակայն, նկատեց, որ միտումը չի փոխվում: Մայիսի տվյալներով՝ դարձյալ 5 ինքնասպանության դեպք  է  գրանցվել, որի մասին ախտորոշում չունենք:

Իրավապաշտպանի   մտահոգությունը կիսեց նաև Պաշտպանը՝ ինքնասպանությունները մտահոգիչ դեպքեր են:  ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովանիրին էլ  նկատեց ,որ   զինծառայողները հաճախ են հայտնվում  իրավիճակում, որտեղ իրենց հիմնարար իրավունքները կարող են խոցելի դառնալ:

Հետևաբար՝ պետությունը պետք է միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորությունները կատարի, ինչը կբարձրացնի վստահությունը ԶՈւ- ի նկատմամբ:  «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն նկատեց, որ «բանակում պետք է մթնոլորտ փոխել  հատկապես բժիշկ-պացիենտ հարաբերություններում:

ՄԻՊ-ը անհրաժեշտ է համարում, որ նման հետազոտություններն իրականացվեն առավել թիրախային խմբերում:

Ցուցադրել ավելի
Back to top button