ԿարևորՀասարակություն

Մեկնարկել են միասնական քննությունները

Հայաստանում և Արցախում մեկնարկել են միասնական քննությունները: Շուրջ 700 դիմորդներ այսօր քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ամենամեծ թվով դիմորդները «Հայոց լեզվի և գրականության» համար են հայտագրվել ԳԹԿ-ում:

Ընդհանուր առմամբ՝ այս տարի ԳԹԿ-ն ստացել է բոլոր առարկաները միասին 5100 դիմում հայտ: Այսուհետև յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին լինելու են միասնական քննությունների օրեր:

Ի դեպ՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արա Իսպիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելուց հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԳԹԿ տնօրենի տեղակալ Արմեն Փաշայանը:

Քննական շրջանը մեկնարկեց: Դիմորդներն այսօր քննություն են հանձնել  «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից: Ինչպես «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց ԳԹԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանը, դիմորդների ակտիվությունը շատ բարձր է եղել:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ամենամեծ թվով հայտեր եղել են մայրենի լեզվի և մաթեմատիկայի քննություն հանձնելու համար: Մեծ թիվ են կազմում նաև անգլերենի հայտերը:  Ինչ վերաբերում է բուհերին՝ ընդհանուր դիմորդների 1/3-ը հայտագրվել է ԵՊՀ՝ 1519 դիմորդ՝ «Ռադիոլուրի»  հետ զրույցում նշեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը:

Մայր բուհը 52 մասնագիտությունների գծով այս տարի ունի 2870 վճարովի և 339 անվճար տեղ:

Այս քննությունները նաեւ ինչ- որ առումով քննություն են Թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանի համար։ Նա նախկին տնօրեն Արա Իսպիրյանի տեղակալն էր:

Համոզված է՝ դպրոցներում ավարտական եւ բուհական ընդունելության քննությունների մեկնարկից առաջ այդ գործընթացը կազմակերպող մարմնի ղեկավարի փոփոխությունը բացասական ազդեցություն չի ունենա քննությունների կազմակերպական աշխատանքների վրա:

Արմեն Փաշայանը չբացառեց, որ հնարավոր է մասնակցի առաջիկայում հայտարարվելիք թափուր պաշտոնի մրցույթին: Ասաց, որ իր վերջնական որոշումը պայմանավորված կլինի քննությունների ընթացքով:

Ենթադրվում է, որ ԳԹԿ հաջորդ տնօրենի ընտրության համար մրցույթ կհայտարարվի քննական այս փուլի ավարտից հետո:

Back to top button