Հասարակություն

Երկրաշարժը վերացնում է երկրակեղևի լարվածությունը. մասնագետ


Երկու օրում
երեք երկրաշարժ և 12 հետցնցում Հայաստանում:  Սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում խոսել է Հայաստանի սեյսմիկ ակտիվության մասին և բացատրել, թե ինչու պետք չէ խուճապի մատնվել։

Ալավերդին Սպիտակը չէ, և երկրաշարժն էլ այնքան ուժգին չի եղել, ինչքան որ Սպիտակում, բայց բնակիչներն իրենց վրա զգացել են երկրակեղևի ցնցումը՝ ասում է Ավալերդու բնակիչ, «Համայնքային համախմբման և աջակցության» կենտրոնի տնօրեն  Օլեգ Դուլգարյանը:

Ալավերդին իրար հաջորդող երկարաշարժից զգոն է, խուճապ էլ է նկատվում, ասում է:

Իսկ Երևանում սեյսմոլոգները վերահսկում են իրավիճակը և կարծում են, որ  երկու օրվա ընթացքում հանրապետությունում գրանցված երեք երկրաշարժից ու դրանց հաջորդած հետցնցումներից պետք չէ խուճապի մատնվել։

Սեյսմիկ պաշտպանության և անվտանգության հարցերով ԱԻՆ նախարարի խորհրդական Հրաչյա Պետրոսյանն ասում է՝ ցանկացած երկրաշարժ (նույնիսկ ամենաթույլը) վերացնում է երկրակեղևի լարվածությունը, և սա երկրաշարժի միակ դրական կողմն է։

Պետրոսյանը նշեց, որ Սպիտակ քաղաքում գրանցված ցնցումները պայմանականորեն կարելի է գնահատել «միջին ուժգնության»։

Ցնցվեց կրկին Սպիտակը, բայց առեղծված փնտրել  պետք չէ՝ վստահ է սեյսմոլոգը: Ամեն բան իր գիտական բացատրությունն ունի:

Միևնույն ժամանակ՝ Սպիտակի տարածքում գրանցված միջին ուժգնության երկրաշարժը մասնագետներին ստիպում է կրկնապատկել, եռապատկել ուժերը հետագա սցենարը հասկանալու համար։ 88-ի աղետն այսօր կրկնվել չի կարող:

Օլեգ Դուլգարյանն այս հարցով մտահոգ է: Մարդիկ ամենատարրական ձևով անգամ պատրաստ չեն երկրաշարժին:

3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղում։ Ավելի ուշ` 17:07-ի սահմանում, երկրորդ երկրաշարժը գրանցվել է նաև Սպիտակի տարածքում։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը 5-6 բալ է կազմել։ Երկրաշարժին հաջորդել է 12 հետցնցում, որոնցից յուրաքանչյուրի ուժգնությունը նախորդների համեմատությամբ եղել է ավելի ցածր:

Back to top button