ԿարևորՔաղաքական

Հրաժարական կտամ մեկ տարվա ընթացքում. Նիկոլ Փաշինյան

Կառավարության ծրագիրն առաջին փաստաթուղթն էր, որի քննարկումը խորհրդարանում ընթացավ առանց բացարձակ մեծամասնության: 6 պատգամավորի հեռացումը Հանրապետական խմբակցությանը  կայուն մեծամասնությունից վերածեց  պարզապես մեծամասնության:

ՀՀԿ-ն 52 պատգամավորով այսօր էլ ամենամեծ խմբակցությունն է, խորհրդարանում,  բայց արդեն մեծամասնություն չէ: Խմբակցությունը լքել են հիմնականում գործարար պատգամավորները: 

Հանրապետական պատգամավոր, Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ չգրված օրինաչափություն է՝  իշխանական կուսակցությունը ձգում է շատերին. ոչ իշխանական դառնալուց հետո նույնքան գրավիչ չէ:

Սահակյանը ՀՀԿ-ից հեռացող գործարարներին չի մեղադրում, չի կարծում, որ ժամանակին շահադիտական նպատակներն էին նրանց ստիպել անդամակցել խմբակցությանը, բայց նաև  քայլը թուլության նշան է համարում:

«Ես որևէ մեկին չեմ մեղադրում, բայց կարծում եմ, որ այդպես թույլերն են անում»:

Անկեղծ, անգամ  զարմալաի էր ԱԺ նախկին նախագահի  պատասխանը հարցին, թե ինչ ներկայություն է ակնկալում Հանրապետականը արտահերթ ընտրությունների արդյուքնում:

«Եթե այս կառավարությունը կարողանա իրագործել իր առջեւ դրած խնդիրները, լավ կլինի, որ ՀՀԿ քիչ տոկոս ստանա»:

2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններում 770 441 ձայն հավաքած, դրա արդյունքում 58 պատգամավորական մանդատ ստացած ՀՀԿ կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այլևս Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն չէ:

Խմբակցությանը «բացարձակի» այս որակից զրկողը եղավ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը. նա խմբակցությունից դուրս գալու դիմում գրած 6-րդ պատգամավորն է, ու նրա գնալով է, որ ՀՀԿ-ի անդամների թիվը 53-ից դարձավ 52:

Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում  է՝ գործարարների հեռանալով խմբակցությունը ինքնամաքրվում է: Հանրապետական  Արմեն Աշոտյանը չի բացառում, որ գործարարաների հեռացման մեջ դեր ունեն քաղաքական հնարավոր ռեպրեսիաները:

Աշոտյանի ակնարկած քաղաքական ռեպրեսիաների մասին դիտարկմանը Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքում.

«Աշոտյանին ու մյուս հանրապետականներին, որ նայում ենք, զգացվում է՝ նրանք բոլորը հալածված են»։

Արտահերթ ընտրությունների մասին հարցին վարչապետ Փաշինյանը պատասխանեց նույն ամրագրումով, որով այն տեղ է գտել ծրագորւմ: Ընտրությունները տեղի կունենան առավելագունը մեկ տարվա ընթացքում: Ուշ աշնանը թե գարնանը՝ ցույց կտա քաղաքական նպատակահարմարությունը:

Ի դեպ, Փաշինյնաը չհերքեց լրագրողներից մեկի այն հարցը, որ ծրագրի հաստատման դեպքում արտահերթ ընտրությունների հավանական տարբերակը կմնա վարչապետի հրաժարականը հարցին, թե երբ սպասել այդ հրաժարականին, տվեց նույն պատասխանը՝  մեկ տարվա ընթացքում:

Back to top button