Տնտեսական

Համաշխարհային բանկը Հայաստանի համար 2018-ին կանախատեսել է 4,1 տոկոս աճ

Համաշխարհային բանկը Հայաստանում 2018 թվականին կանխատեսում է 4,1 տոկոսի տնտեսական աճ, 2019 և 2020 թվականներին՝ 4 տոկոսի աճ: Այդ մասին ասված է Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» նոր զեկույցում, որը լույս է տեսնում տարին երկու անգամ:

Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանում այս տարի կանխատեսվում է 1,8 տոկոսի աճ, 2019 թվականին՝ 3,8, 2020 թվականին՝ 3,2 տոկոսի աճ:

Վրաստանը, կանխատեսումների համաձայն, այս տարի կգրանցի 4,5 տոկոսի աճ, հաջորդ երկու տարիներին՝ 4,8 և 5,0 տոկոսի աճ:

Թուրքիան 2018 թվականին կգրանցի 4,5 տոկոսի տնտեսական աճ, 2019 և 2020 թվականներին՝ 4,0 տոկոսի աճ: Ռուսաստանը, ըստ կանխատեսումների, այս տարի կգրանցի 1,5 տոկոսի աճ, հաջորդ երկու տարիներին՝ 1,8 տոկոսի աճ:

2018 թվականին համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կմնան 3,1 տոկոսի մակարդակում՝ չնայած վերջերս գրանցվող դանդաղեցմանը, սակայն հետագա երկու տարիներին աստիճանաբար կնվազեն:

Back to top button