Մշակույթ

Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը՝ այսօր

Երևանում այսօր Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը, որն անցկացվում է  ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այն կյանքի է կոչվում  մշակույթի նախարարության,  «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով:

Արամ Խաչատրյանի  մրցույթի բացման արարողությանը կոմպոզիտորի անունը կրող համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի  հետ այսօր հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:

Հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկում է  կոմպոզիտորի անունը կրող 14-րդ  միջազգային մրցույթը՝  թավջութակ մասնագիտությամբ: Խաչատրյանական մրցույթի  հաղթողի պատվին արժանանալու համար կպայքարեն  9 երկրի 16 երաժիշտներ:

«Այս մրցույթի  կարևորագույն նպատակը  Խաչատրյանի արվեստի հանրահռչակումն է: 14 տարիների ընթացքում մենք 1000  հայտ ենք ունեցել, ինչը նշանակում է, որ առնվազն հազար երաժիշտ ծանոթացել է Խաչատրյանի արվեստին, սովորել է նվագել նրա ստեղծագործություններից  որևէ մեկը»,- մրցույթի մեկնարկին  նվիրված ասուլիսում նշեց մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը:

«Մրցույթի կարևորագույն ձեռքբերումներից մեկն էլ հետագայում հանրահայտ  դեպքեր ունենալն է: Լավագույն օրինակը Նարեկ Հախնազարյանն է, որն ուղիղ  12 տարի առաջ դարձավ խաչատրյանական մրցույթի հաղթող»:

Խաչատրյանի մրցույթի կարևորագույն ձեռքերումների ցանկում «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանն առանձնացրեց անդամակցությունը  Միջազգային երաժշտական մրցույթների  համաշխարհային ֆեդերացիային (2013 թվականին), ինչը մրցույթի բարձր վարկանիշի հստակ ցուցանիշ է:

Մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահն է  աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր  Քշիշտոֆ  Պենդերեցկին:  Ժյուրին նախագահելու է  մեծանուն թավջութակահար, Միչիգանի պետական  համալսարանի պրոֆեսոր Սուրեն Բագրատունին, որի բնորոշմամբ, ինչպես յուրաքանչյուր երաժշտական մրցույթից, այս դեպքում էլ կարևորագույն ակնկալիքը  տաղանդավոր  երաժիշտների բացահայտումն է:

Արամ Խաչատրյանի  մրցույթի բացման արարողությանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի  հետ այսօր հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:  Նա իր խոսքում նշեց, որ Խաչատրյանի մրցույթում ձեռք բերած Ոսկե մեդալն իր կյանքի առաջին կարևորագույն նվաճումն էր:

«Հաղթանակը հայրենիքում, իհարկե, մեծ պատիվ էր, և մինչ օրս մեծ պատվով եմ կրում  Խաչատրյանի անվան մրցույթի  հաղթողի տիտղոսը: Շատ լավ հիշողություններ ունեմ, ուշադիր հետևում եմ մրցույթին և ուրախանում նրա առաջընթացով ու հաջողություններով»:

Back to top button