ԿարևորՔաղաքական

Ինչ է հարցրել Փաշինյանը նախորդ վարչապետերին


Հունիսի  7-ին ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի  կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ վարչապետի պաշտոնում ծրագիր կներկայացնի, դրան վերաբերող հարցեր ու ելույթներ կլսի:

Մինչ այդ, երբ վարչապետը  դեռ ընդդիմադիր  պատգամավոր էր, ինքն էր   հարցեր ուղղում կառավարության ղեկավարներին:

«Ռադիոլուրը» փորձել է հիշել, թե ինչ հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ծրագիր ներկայացնող վարչապետերին և ինչ բնորոշումներ է տվել Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Կարապետյանի և Կարեն Կարապետյանի ներկայացրած ծրագրերին:

 

 

Պատգամավորական գործունեության 6 տարիների ընթացքում՝  2012-18թթ. , Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է կառավարության 5 ծրագրի քննարկման: 2 ծրագիր ներկայացրել է Տիգրան Սարգսյանը, 1-ը Հովիկ Աբրահամյանը, 2-ը Կարեն Կարապետյանը: Փաշինյանը դեմ է քվեարկել 5 ծրագրերից 4-ին,  Հովիկ Աբրահամյանի ներկայացրած փաստաթղթի քվեարկությանը չի մասնակցել:

Բոլոր ծրագրերի քննարկումներին մասնակցել է.  ընդհանուր առմամբ տվել է  5 հարց, ունեցել 5 ելույթ:

Տիգրան Սարգսյան «Ձեր բնույթն է և Ձեր ոճն է՝ չտեսնել ոչ մի կատարված աշխատանք»։

Հովիկ Աբրահամյան «Ձեր ձեռագիրն է՝ փնտրել, ինչ-որ բաներ գտնել, դա միշտ կհաջողվի Ձեզ, բայց կարեւորը, որ դա ինձ չի հուսալքում»։

Այսպես , համարյա նույն կերպ են արձագանքել  Նիկոլ Փաշինյանի  հարցերին նախկին վարչապետեր  Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը:  2013-ին կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Փաշինյանը Տիգրան Սարգսյանից հետաքրքվում էր կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին օգնելու  կառավարության խոստման մասին:

2014-ին խորհրդարանում Փաշինյանը Հովիկ Աբրահամյանին հարցնում էր կառավարության անդամների և հենց վարչապետի ունեցվածքի մասին: Երկխոսությունը ուշագրավ ընթացք ստացավ՝ հասնելով նորից գյուղատնտեսական թեմաներին:

«Դուք եւ ձեզ հետ փոխկապակցված անձը 2013 թվականին հայտարարագրել եք 5,5 մլն դոլար։ Այդ ընթացքում  եղել եք պետական պաշտոնյա, եթե բիզնեսով չեք զբաղվել ո՞նց եք աշխատել այդ գումարները»։

Գրեթե բոլոր վարչապետերին Փաշինյանը հարց է տվել կոռուպցիայի և մենաշնորհների մասին: Բացառություն չի եղել նաև Կարեն Կարապետյանը:

Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում կառավարության ծրագիր է ներկայացրել 2 անգամ՝ 2016թ-ի հոկտեմբերին և 2017-ի հունիսին:  Շարջ 1 տարի առաջ  Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հարցրել է.

«Կհամաձայնե՞ք, արդյոք, 2018թ. կառավարությունում լինել փոխվարչապետ կամ տարածքային կառավարման նախարար, չգիտեմ, կամ որեւէ այլ նախարար»։

«Այո՛, ես պատրաստ եմ լինել վարչապետ»:

Վաղը Նիկոլ Փաշինյանն ինքը առաջին անգամ վարչապետի պաշտոնում խորհրդարանում  ծրագիր կներկայացնի, դրան վերաբերող հարցեր ու ելույթներ կլսի իր արդեն նախկին գործընկերներից:

Back to top button