Հասարակություն

Ինչից են սատկում Աքորի գյուղի ոչխարները

Լոռու մարզի Աքորի գյուղի ոչխարները սատկում են։ Լաբորատոր հետազոտության արդյունքներով՝ սատկում են բրադզոտից։ Ախորեցիները խնդրում են արոտավայրերում էլ ստուգումներ անցկացնել։

Վստահ են՝ Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանը թունավորել է հողերը։

 

Աքորի գյուղում բրադզոտ կոչվող հիվանդության պատճառով ոչխարները սատկում են: Երկար ժամանակ կենդանիների անկման պատճառները հայտնի չէին: Անասնապահ Մովսես Սիմոնյանը վերադարձել է Ռուսաստանից, հայրենի գյուղում տնտեսություն ստեղծել։ Վստահ է՝ իրենց հողն ու արոտավայրը հարստացված է թունավոր մետաղներով: Պատճառը Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի արտանետումներն են:

«Դուք  եկեք  առավոտ  վաղ  ու մի  հատ  նայեք  իմ  ասած տարածքի վրա: Դուք էլ գնաք, դուք էլ կխեղդվեք ծխից, գազից»:

Անասնապահ Մովսեսը դժգոհում է. թունավոր ծուխը գյուղում ավելի շատ  տարածվեց, երբ գործարանի խողովակներն ավելի բարձրացրին: Իր խոսքով՝ գործարանի շահագործումից դժգոհում են նաև հարևան վրացիները: Կենդանիների անկման հաճախակիության խնդիրն արդեն մոտ երկու տարի է անհանգստացնում է աքորեցի ֆերմերներին: Անասնապահ Մովսեսը խնդրի մասին բարձրաձայնեց, երբ մեկ օրում միանգամից 4 սատկած ոչխար հայտնաբերեց։ Այս տարի կորուստը 40 ոչխար է:

«Ոչխարների հոտը, երբ բերում ենք «Դարքա Խաչ» հանդամասում արածեցնելու, այդ օրը անասունի առնվազն երկու  կորուստ ունեցել է:

Հիվանդությունը պարզելու նպատակով դիմել է տեղի անասնաբույժին, համայնքապետարանին ու մարզպետարանին: Ակզբում ախտորոշել են գեմ: Նշանակված դեղորայքը որևէ արդյունք չի տվել: Կենդանիները շարունակել են սատկել: Անասնապահ Մովսես Սիմոնյանը դիմել է  գյուղնախարարություն

«10 հատ վակցինա են ուղարկել, էտքան կորստից հետո: Երևի բավարար են համարել»:

Գյուղնախարարությունից «Ռադիոլուրին» պարզաբանեցին, որ երբ ստացել են ահազանգը, արձագանքել են միանգամից: Ուղարկել են անասնաբույժ, անասուններից վերցվել է նմուշառում:  Ուղարկվել են նաև վակցինաներ: Փոխվել է արոտավայրը: Այժմ կենդանիները գտնվում են հսկողության տակ, անկում այս պահին չի նկատվում՝ նշեցին: Իսկ վակցինաները, անասնաբույժի ցուցումով, կներակվի, երբ դադարեն անձրևները: Սննդի անվտանգության  պետական ծառայությունից էլ հավելեցին, որ  իրավիճակը վերահսկվում է և մասնագետները հնարավոր բոլոր կանխարգելիչ միջոցառումներն իրականացնում են:

Սակայն Մովսես Վարդանյանի հորդորը մեկն է՝ հետազոտել արոտավայրերն ու  ջուրը՝ գործարանի շահագործման վնասակար ազդեցությունը պարզելու համար:
Պղնձամոլիսդենային գործարանից «Ռադիոլուրին» խոստացան պատասխանել գրավոր դիմումի հիման վրա 5 օրվա ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button