ԿարևորՔաղաքական

Հանրապետականը խորհրդարանում կորցրեց «կայուն մեծամասնությունը»

Նոր ձեւավորված կառավարության նոր ծրագիրը վաղը ԱԺ արտահերթ նիստում կներկայացվի պատգամավորների քննարկմանն ու հաստատմանը: Փաստաթուղթն արդեն ստացել է որակումներ:

Հանրապետականը դժգոհ է, բայց խոստացել է չխոչընդոտել փաստաթղթի ընդունմանը: Մինչ հնչում էին այս հայտարարությունները, զուգահեռ շարունակվում էր պատգամավորների «արտահոսքը» ՀՀԿ- ից:

Այսօր՝ օրվա ընթացքում Հանրապետականից հրաժարված պատգամավորներ եւս եղան: Փաստացի՝ կառավարության ծրագրի հաստատումից առաջ հանրապետականը կորցրեց խորհրդարանում «կայուն մեծամասնությունը»:

Հանրապետական խմբակցությունն Աժ-ում այլեւս մեծամասնություն չէ՝ Սամվել Ալեքսանյանը 6-րդ պատգամավորն է, որ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Բոլոր հեռացածները, սակայն, պահպանում են մանդատները: Նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը, օրինակ, չի ընդունում այդ տարբերակը:

Հանրապետականի համար կատարվածում որեւէ անակնկալ չկա՝ վստահեցնում է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Արդեն համակերպվել են ընդդիմադիր լինելու հեռանկարին: Հասկացել են՝ փոխված գործադիր իշխանության դեպքում խորհրդարանական ընդդիմադիր մեծամասնություն ունենալը խնդրահարույց է:

Այս ամենը, ի դեպ, տեղի է ունենում կառավարության ծրագրի հաստատումից երկու օր առաջ: Ըստ էության՝ որոշումներ կայացնելու վրա հանրապետականներն այլեւս չեն կարող ազդեցիկ դեր ունենալ: Ամեն դեպքում՝ նախապես հայտարարել են՝ չեն խոչընդոտի կառավարության նոր ծրագրի հաստատմանը: Ստեղծված իրավիճակը կարելի է ընկալել իբրեւ հրադադար՝ նոր իշխանությունների եւ հանրապետականների միջեւ՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ, նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:

Խորհրդարանում մեծամասնությունը կորցնելու հետ մեկտեղ հնարավո՞ր է հանրապետականը կորցնի նաեւ ղեկավար դիրքերը ԱԺ- ում. հարցի պատասխանը մեծապես կախված է առաջիկա քննարկումներից՝ ասում է քաղաքագետը:

Հանրապետականներն Աժ-ում խոչընդոտներ չեն ստեղծի նոր կառավարության նոր ծրագրի ընդունման համար՝ վստահեցնում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, թեեւ ավելացնում է, որ ծրագիրն իրենց չի գոհացրել:

Գործադիր իշխանության նոր թիմի անդամներից՝ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նորմալ է համարում հնչող քննադատությունը: Ասում է՝ թվեր կտեսնենք բյուջեի նախագծում:

Վաղն արդեն Աժ-ում նոր կառավարությունը պատգամավորներին եւ հանրությանը կներկայացնի իր նոր՝ 33 էջանոց ծրագիրը: Նույն ծավալով՝  33 էջով իր առաջին ծրագիրն էր 2016-ին ներկայացրել նաեւ Կարեն Կարապետյանի կառավարությունը: Դա նույնպես միջանկյալ ծրագիր էր՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ էր: Այս կառավարության ծրագրերի կարեւորագույն կետը կրկին խորհրդարանական ընտրություններն են՝ այս դեպքում արտահերթ՝ առավելագույն ժամկետը մեկ տարվա ընթացքում:

Back to top button