Քաղաքական

Առաջին ընտրությունները՝ թաֆշյա հեղափոխությունից հետո

Հունիսի 10 հանրապետության 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նախատեսված: Այն ներառում է հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերը:

8 համայնքներում միայն համայնքի ղեկավար են ընտրելու,  6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 4 ում միաժամանակ և համայնքի ղեկավար, և ավագանու անդամ կընտրեն:  Այս ընտրությունների նկատմամբ քաղաքական ուժերը հետաքրքրություն հանդես չեն բերում, թեկնածուները հիմնականում ինքնաառաջադրվածներն են։

«Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ նախագահ Վահան Մովսիսյանը ողջունում է այս մոտեցումը և կարծում, որ ընտրությունները լավ ինդիկատոր կլինեն հասկանալու համար, թե փոխվե՞լ է արդյոք որևէ բան Հայաստանում հեղափոխությունից հետո:

Թավշյա հեղափոխությունից հետո այս կիրակի տեղի կունենան առաջին ընտրությունները։ Հանրապետության 18 համայնքներում նախատեսված ՏԻՄ ընտրություններում թեկնածուները հիմնականում ինքնաառաջադրվածներն են, քաղաքական կուսակցությունները զգալի պասիվություն են դրսևորում։ ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյան.

«Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 33 քաղաքացիներից 6-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 27 թեկնածուներից 22-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 4-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից  և մեկ թեկնածու առաջադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

Ավագանու անդամի գրանցված 89 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 10 թեկնածու: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 79 թեկնածուներից 76-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 2-ը՝ Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»:

Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում ընտրություններ ընդհանրապես տեղի չեն ունենա,  քանի որ որևէ մեկը թեկնածություն անգամ չի առաջադրել: Համայնքի ղեկավարի նոր ընտրությունը կանցկացվի հունիսի 24-ին: Հետաքրքրական է,  որ անգամ որևէ դիտորդական կազմակերպություն չի գրանցվել ընտրություններին հետևելու համար:

«Համայնքների ֆինանսիստների» միավորում հ/կ նախագահ Վահան Մովսիսյանն այս պատկերը թավշյա հեղափոխությամբ պայմանավորեց։ Սա նշանակում է՝ յուրաքանչյուր առաջադրվող իր մեջ ներուժ է տեսնում ղեկավարելու համայնքը.

«Ինքնաառաջադրումը վատ բան չի։ Դա այն է, ինչ ունեցանք հեղափոխության արդյունքում: Մարդիկ համոզված են, որ առանց որևէ մեկի աջայկցության, առանց հովանավորության կարող են առաջադրվել ու հաղթել:

— Նաև դիտորդներ չեն գրանցվել:

Երկրի այսպիսի ժողովրդավարացված վիճակում բոլորը դիտորդ են: Չեմ կարծում, թե դիտորդների կարիք կա։ Այնքան են վարժվել հեղափոխության արդյունքում, որ դիտորդի կարիք չկա: Ես ուրախ կլինեմ, որ սա օրինակ լինի արտահերթի համար: Եթե կարողանանք նույնպիսի  հաջողություններ արձանագրենք ընտրակաշառքների պարագայում, ուրեմն կարող ենք ասել, որ հրաշք տեղի ունեցավ Հայաստանում»:

Վահան Մովսիսյանը նաև նշեց, որ հունիսի 10-ին ՏԻՄ ընտրություններ սպասվում են այն  համայնքներում որոնք դեռ չեն խոշորացվել և մարդիկ մտածում են, որ շուտով խոշորոցվելու են և դրա համար հետաքրքրությունը նվազել է:

Առաջիկա ՏԻՄ ընտրությունները ինդիկատոր կլինեն հասկանալու, թե իրո՞ք մեր երկրում բան է փոխվել՝ ավելացրեց «Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ նախագահը:

Back to top button