ԿարևորՔաղաքական

Արցախի ժողովուրդը ցուցաբերում է քաղաքական և քաղաքացիական բարձր գիտակցություն. ՀՀ նախագահ

Արցախյան իրադարձությունների մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետը ճշտելու նպատակով 168.am-ը  հարց էր ուղղել  ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչությանը: Հարցն ու պատասխանը ներկայացվում են ստորև.

Հարց-Ինչպե՞ս է գնահատում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում ծայր առած բողոքի գործողությունները:

Պատասխան-Հանրապետության նախագահը ողջունում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և Հայաստանի վարչապետի հորդորի հիման վրա Ստեփանակերտում բողոքի գործողությունների դադարեցումը: Նախագահ Սարգսյանն ամենօրյա կապի մեջ է Արցախի նախագահի հետ, ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցում է նաև Արցախի նախկին ղեկավարության և հեղինակավոր մարդկանց հետ:

Նախագահը գոհունակություն է հայտնում, որ Արցախի իշխանություններն արագ արձագանքեցին ցավալի միջադեպին, այն դատապարտվեց, որակվեց անթույլատրելի և ստացավ իրավական գնահատական: Արցախի Ազգային ժողովում ստեղծվեց քննիչ հանձնաժողով ստեղծված վիճակի մասին համապարփակ քննարկումների հարցերով:

Միջադեպի շուրջ ծավալված զարգացումները ցույց են տալիս, որ Արցախի ժողովուրդը ցուցաբերում է քաղաքական և քաղաքացիական բարձր գիտակցություն:

Նախագահը կիսում է այն գնահատականը, որ Արցախի համար բացառիկ արժեքներ են ներքին կայունությունը, պետական հիմքերի անսասանությունը, երկրի անվտանգության և պաշտպանողունակության հետևողական բարձրացումը, որին հնարավոր է հասնել Արցախի բնակիչների աշխատանքի և կյանքի խաղաղ պայմանների ապահովման և կենսապայմանների բարելավման նպատակով սոցիալ-տնտեսական հարցերի լուծման միջոցով:

Ցուցադրել ավելի
Back to top button