ԿարևորՏնտեսական

Հակակոռուպցիոն քայլերի արդյունքը պետք է զգա հանրությունը. տնտեսագետ

Տնտեսագետների կարծիքով՝ կառավարության նախաձեռնած  հակակոռուպցիոն քայլերը պետք է ավելի խստանան եւ ավելի լայն մասշտաբներ ընդգրկեն, քանի որ, ինչպես երեւում է, կոռուպցիան եւ ստվերն ավելի մեծ ծավալներ ունեն, քան կարելի էր պատկերացնել:

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ տնտեսագետները նաեւ կարծիք են հայտնել, որ խոշոր տնտեսվարողների նկատմամբ կիրառվող պատիժներն ու տույժերն էլ պետք է լինեն խելամտության սահմաններում, որպեսզի խուճապ եւ տնտեսական ցնցումներ չլինեն:

Նրանք նաեւ շեշտել են, որ բոլոր քայլերի արդյունավետությունն էլ պետք է զգա հանրությունը՝ կյանքի որակի բարձրացմամբ:

Կառավարությունը հակակոռուպցիոն քայլերը պետք է ընդլայնի եւ մտնի բոլոր ոլորտները: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքն է: Ըստ նրա՝ սուպերմարկետների հետ կապված պատմությունը ցույց է տալիս, որ հակաշուկայական բոլոր մեխանիզմները գործել են, ինչն անընդունելի է:

Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյան. «Պետք չէ ֆիքսվել միայն ներմուծման եւ առեւտրի ոլորտի վրա: Կան ահագին ուրիշ ոլորտներ ու, ամենակարեւորը, պետք է խտրականություն չդրվի, թե բիզնեսը կամ պաշտոնյան որ քաղաքական թեւն է ներկայացնում, ում հետ ինչ կապեր ունի»:

Այսինքն, եթե Սամվել Ալեքսանյանի բիզնեսներն են ստուգվում, ապա նույն կերպ պետք է բոլոր օլիգարխ պատգամավորների ու ոչ պատգամավորների շարժը նույնպես ուսումնասիրվի: Դա կարեւոր է նաեւ տնտեսության վիճակը պատկերացնելու առումով՝ ասաց Բաբկեն Թունյանը:

ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Աուրեն Պարսյանի խոսքով՝ Հայաստանում տեղի է ունեցել մանրածախ առեւտրի կենտրոնացում սուպերմարկետներում՝ իր հետեւանքներով: Կարծում է, որ այս մթնոլորտի փոփոխության խնդիր կա, բայց դա պետք է ԱԱԾ-ն անի համակարգված՝ տնտեսական բլոկի պատասխանատու ինստիտուտների հետ, որպեսզի տնտեսության մեջ ցնցումներ, խուճապ ու բացասական սպասումներ չլինեն:

Բաբկեն Թունյանի գնահատմամբ՝ սուպերմարկետների վերաբերյալ բացահայտումներն ինքը այդպիսին չի համարում, քանի որ բոլորին էր հայտնի, որ կան հարկերից խուսափելու համակարգային նման մեխանիզմներ: Անդրադառնալով փաստին, որ սուպերմարկետներում գները բարձրացան, ապա իջան՝ տնտեսական մեկնաբանն ասաց.

«Եթե սուպերմարկետները աշխատում են ԱԱՀ մուծելով, ուրեմն նրանք այսքան ժամանակ աշխատել են գերշահույթով»:

Բիզնեսմեններին պետք չէ նայել որպես հանցագործներ կամ ժողովրդի թշնամիներ, բիզնեսը միշտ աշխատել է այն կանոններով, որոնք առաջ է քաշել պետությունը եւ դա պետք է հաշվի առնել, որպեսզի բոլորի շահերը մաքսիմալ հաշվի առնվեն՝ հավելեց տնտեսական մեկնաբանը:

Տնտեսագետները համակարծիք էին, որ պատիժն ու տուգանքներն էլ պետք է լինեն ողջամտության շրջանակներում, քանի որ բիզնեսի փակվելուց ոչ մեկը չի շահի: Տնտեսագետները նաեւ կարեւոր համարեցին, որ կառավարության հակակոռուպցիոն քայլերը կատարվեն մինչեւ վերջ, իսկ արդյունքները զգա հանրությունը՝ կյանքի որակի բարձրացման առումով:

Back to top button