Հասարակություն

Հովհաննես Սահակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը ուղերձ է հղել՝ ամփոփելով իր աշխատանքը վերջին 9 ամիսների ընթացքում և տեղեկացրել է պաշտոնից հրաժարվելու մասին:

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի´ հայրենակիցներ,

Այս 9 ամիսների ընթացքում ինձ վստահվել էր զբաղեցնել ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը, որին վերաբերել եմ մեծ պատասխանատվությամբ:

Աշխատանքային առաջին իսկ օրվանից Ծառայության 51 տարածքային բաժինների և կենտրոնական ապարատի աշխատակիցներին եմ ներկայացրել իմ սկզբունքներն ու մոտեցումները՝ արժանապատիվ, բարձրակարգ ու բարեխիղճ ծառայությունների մատուցումը մեր տատիկներին ու պապիկներին:

Ես և մեր թիմը նպատակադրվել ենք բարձրացնել սոցիալական աշխատողի դերն ու անունը մեր  հասարակության մեջ և լուծելի դարձնել մեր երկրի համար մի շարք հիմնարար հարցեր:

Թիմի հետ միասին այլևս իրականություն դարձրեցինք  4 հիմնական ծրագրերի գործարկումը՝

1.Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովումը՝ առաջին և երկրորդ այսուհետ նաև երրորդ և հաջորդ երեխայի

·        ծննդյան միանվագ նպաստ նշանակելու,

·        խնամքի նպաստ նշանակելու,

·        խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու ,

·        խնամքի նպաստի վճարումը վերսկսելու,

·        ինչպես նաև թաղման նպաստ նշանակելու համար առցանց դիմումները:

2. Աշխատանքային գրքույկների հաշվառում և աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու աշխատանքները:

3. Գործատուի վերաբերյալ տեղեկատվությունը հաշվառելու և աշխատանքային ստաժը հաշվարկելու ընթացակարգերը կատարելագործելու ենթահամակարգը:

4. Ուժային կառույցների վճարումներն ապահովելու գործառույթները պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի միջոցով իրականացնելու նպատակով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի («Էլեկտրոնային կենսաթոշակի տեղեկատվական համակարգի) լրամշակումը:

Վերադառնալով Արցախից և ամփոփելով համատեղ փոխգործակցության արդյունքում «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի ներդրման վերջնական արդյունքները՝ որոշեցի  աշխատանքից ազատման դիմում ներկայացնել :

Լինելով չափազանց պատասխանատու մարդ՝ այս որոշումը կայացրեցի հենց այս պահին՝ վստահ լինելով , որ հունիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը չի ուշանա գեթ մեկ օր:

Շնորհակալություն եմ ուզում հայտնել Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմին՝ կրտսեր մասնագետից մինչև վարչության պետ, դիմում ընդունողից մինչև տարածքային բաժնի պետ և բոլոր նրանց ում հետ ամեն օր առիթ եմ ունեցել աշխատելու:

Շնորհակալ եմ միասնական և թիմային աշխատանքի, ցուցաբերած պատրաստակամության համար: Հենց Ձե´ր շնորհիվ մենք այս կարճ ժամանակահատվածում  գրանցեցինք շոշափելի արդյունքներ , իսկ նոր թիմին մաղթում եմ արդյունավետ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ»:

Ցուցադրել ավելի
Back to top button