Հասարակություն

Էկոկրթությամբ պետք է սկսել զբաղվել նախակրթարանում. մասնագետ


Սիրելու համար պետք է ճանաչել, ճանաչելու համար՝ սովորել. էկո կրթությունը Հայաստանում դեռ չունի իր հիմնավոր տեղը հանրակրթական դպրոցներում, բացը լրացնում են էկոակումբներն ու էկոկազմակերպությունները:

Հունիսի 5-ը շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրն է՝ լավ առիթ բնության լեզուն սովորելու համար:

Մտածել կանաչ, նշանակում է մտածել բնության մասին, ասում են Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի աշակերտները: Կանաչ մտքեր ունեն, որովհետև հենց Ավեստիսյան դպրոցի սաներն են:

Դպրոցի Օյի-կոս էկո ակումբն առաջին վայրն է, որտեղ ամենաշատն են ծանոթացել բնության հետ:

Ավեստիսյան դպրոցում էկոկրթությունը սկսվում է հենց դպրոցի շենքից, դպրոցի բակում. շենքը կառուցված է կանաչ միջավայրին համապատասխան բոլոր չափանիշներով: Շենքի էլեկտրախնայող և բնապահպան բնութագրերի մասին պատմում է LEED միջազգային հավաստագիրը, որը տարածաշրջանում ունի միայն Ավեստիսյան դպրոցը:

Դպրոցի կանաչ միջավայրն ու շենքը լավագույն օրինակն են աշակերտների համար՝ վստահ է դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը:

Էկո ակումբի երեխաները գիտեն բնական օճառ պատրաստել, թուղթ վերամշակել, որը հիմնականում օգտագործում են որպես էջանիշ:

Էկոկրթությամբ պետք է սկսել զբաղվել նախակրթարանում, վստահ է տնօրենը:

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չակրյանը վստահ է՝ մասնագիտական մոտեցման, այլ ոչ թե կրթական ծրագրի հարց է էկոկրթությունը: Հիշում է իր դպրոցական տարիներն ու պատմում աշխարհագրության ուսուցչուհու մասին:

Էկոկրթություն տալուց առաջ նախ երեխային դաստիարակել է պետք, իսկ դա պետք է տանը անել:

Մարին վստահ է, եթե երեխան սովորի սիրել բնությունը, հանրակրթական դպրոցում խնդիրներն անհամեմատ քիչ կլինեն:

Back to top button