Հասարակություն

Տուգանքները կնվազեն. Օսիպյան

Այսօր եզակի դեպք է գրանցվել Աժ-ում: Նախորդ տարվա բյուջեի կատարողականը ներկայացնելու համար խորհրդարան էին եկել ուժային կառույցների ղեկավարները՝ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը: Վերջին տարիներին, թերեւս այդպիսի հնարավորություն չէր տրվել ոչ պատգամավորներին, ոչ էլ լրագրողներին՝ հենց ղեկավարներից պարզելու խնդրահարույց հարցերը:

Թե՛ բյուջեի հաշվետվությունների, թե՛ նոր բյուջեի հաստատումների եւ թե՛ այլ հարցեր ներկայացնելու համար մշտապես խորհրդարան են գործուղվել տեղակալները:

ԱԱԾ տնօրենն այսօր նույնիսկ խոստովանել է՝ նշանակվելուց հետո փորձել է պահպանել ավանդույթը՝ լրագրողների հետ չշփվելու առումով, բայց փորձը ցույց է տվել, որ ԶԼՄ-ներն անգամ օգուտ են տվել համակարգին:

Ոստիկանների թվաքանակով եւ սպառազինությամբ պայմանավորված Հայաստանը երբեմն անվանում էին «ոստիկանապետություն»: Համակարգում առաջիկայում հնարավոր են փոփոխություններ՝ այսօր ասաց նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Ոստիկանությունն այժմ ձերբազատվել է կոռուպցիոն դրսեւորումներից՝ վստահեցնում է ոստիկանապետը։ Իր նշած «կարմիր գծից» այն կողմ վտանգավոր զարգացումներ դեռ չի տեսել: Փոփոխություններ է նախատեսում արագաչափերի եւ նկարահանող սարքերի աշխատանքի առումով: Անգամ կառավարության նոր ծրագրում անդրադարձ կա դրան:

«Ոստիկանապետության» առանձին դրսեւորումներից էր նաեւ հեռախոսների գաղտնալսումները: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից չթաքցրեց՝ մշտապես իմացել են, որ գաղտնալսվում են:

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր օրենքի դաշտ է փորձում վերադարձնել ոչ միայն տնտեսավարողներին, այլեւ՝ պաշտոնյաներին: Վանեցյանն այսօր հաստատեց՝ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության։ Խոշոր տնտեսվարողների կողմից հարկերից խուսափելու, հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված ԱՁ-ների գործի շրջանակներում Մաշադյանը ԱԱԾ-ին հետաքրքրել է նրանով, որ հայտարարել է, թե իրենց համար ԱԱԾ բացահայտած սխեման գաղտնիք չէր: ԱԱԾ տնօրենը չի բացառում, որ հարցաքննությունից հետո ՊԵԿ փոխնախագահի կարգավիճակը կարող է փոխվել։

ԱԱԾ-ում չեն ընդունում հիմնավորումը, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել թանկացումներից խուսափելու եւ գյուղացիներին օգնելու համար:

Այս գործերը դեռ չավարտված՝ ԱԱԾ-ն նոր կոռուպցիոն երկու դեպք է սկսել ուսումնասիրել՝ այս անգամ Արտակարգ  իրավիճակների նախարարությունում: Նյութերը ԱԻՆ-ից ԱԱԾ- է ուղարկել արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ կոռուպցիոն սխեմայի մասին է խոսքը եւ որ նախարարի պաշտոնավարման ժամանակահատվածում է  եղել չարաշահումը: Փաստը այսօր խորհրդարանում հաստատեց նաեւ ԱԱԾ տնօրենը:

Այս բացահայտումը որքան գումար կարող է վերադարձնել բյուջե՝ այս պահի դրությամբ դեռ չի հրապարակվում:

Back to top button