ԿարևորՔաղաքական

Հանրապետության նախագահը կդիմի ՍԴ

Հանրապետության նախագահը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ԱԺ կանոնակարգի  այն հոդվածը, որը վերաբերում է ՍԴ անդամի ընտրությանը:

Թեկնածություն առաջադրելու հարցում  զարգացումները հասել են մի կետի, երբ օրենքի պահանջները տարբեր մեկնաբանություններ են ստանում:

Արմեն Սարգսյանը  հստակեցում է ակնկալում Սահմանադրական դատարանից,  իրավական շրջանակներում, սակայն, ոչ բոլորն են այդ անհրաժեշտությունը տեսնում:

Եթե փորձենք շատ ամփոփ ներկայացնել ՍԴ դատավորի ընտրության ոդիսկանը, ապա պատկերը մոտավորապես այսպիսին է: Մարտի 23-ից թափուր է  ՍԴ անդամներից մեկի աթոռը.  այն ազատվել է   դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո:  Օրենսդրության պահանջով ՝  թեկնածու է առաջադրել հանրապետության նախագահը,  Ազգային ժողովը,  սակայն,  նրան առաջադրած թեկնածուին՝ Էմիլ Բաբայանին ՍԴ դատավոր չի ընտրել:

Ըստ ԱԺ կանոնակարգի՝ 10-օրյա ժամկետում հանրապետության նախագահը պետք է նոր թեկնածու առաջադրեր: Նա դա չի արել, բայց գրավոր դիմել է Ազգային ժողովին ու տեղեկացրել, որ  ընդունելով իրավաբանական հանրության առաջարկը՝ որոշել է մինչև նոր թեկնածության առաջադրումը նախաձեռնել լայնածավալ խորհրդակցություններ, ապահովել թեկնածուի որոշման մրցութային ընթացակարգ:

Ճիշտ նույն ընթացքում  հայտնի  է դարձել, որ թեկնածու է առաջադրել նման իրավասություն ունեցող մյուս մարմինը՝  դատավորների ընդհանուր ժողովը, խորհրդարանի նախագահն էլ որոշել է առաջադրված թեկնածուի ընտրության հարցը քննարկել հունիսի 12-ին:

Հենց այս կետում էլ  Արմեն Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարանի միջամտությանը:

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից Ռադիոլուրի հարցման ի պատասխան հաստատեցին տեղեկությունը, որ  Արմեն Սարգսյանը գրավոր դիմել է ԱԺ նախագահին և տեղեկացրել, որ պատրաստվում է վիճարկել

ԱԺ կանոնակարգ օրենքի  141րդ հոդվածի 3-րդ և 8-րդ մասերի սահմանադրականությունը:  Նշված դրույթներից  մեկը վերաբերում է առաջադրումները հաջորդաբար կատարելուն, մյուսը՝ չընտրվելու դեպքում  նոր թեկնածու առաջադրելուն: Արդյո՞ք սահմանաված ընթացակարգը տարընթերցման առիթ է տալիս՝ հարցնում եմ իրավագետ Արա Ղազարյանին:

«Ենթադրում եմ, որ վիճարկվում է հաջորդաբար բառի իրավական որոշակիությունը»:

Ըստ ԱԺ կանոնակարագի 141-րդ հոդվածի վիճարկվող մասի՝  Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները հաջորդաբար կատարում են հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և  կառավարությունը:

«Ի՞նչ է նշանակում հաջորդաբար: Արդյոք նշանակում է, որ հաջորդի հերթն է՝ անկախ նրանից, նախորդի առաջադրած թեկնածուն ընտրվել է թե ոչ, թե՞ հաջորդի հերթը գալիս է միայն այն դեպքում, երբ նախորդի առաջարկած թեկնածուն ԱԺ-ում ընտրվում է»:

Արա Ղազարյանը կարծում է, որ որոշակի անարոշություն կա, բայց հարցը շատ սկզբունքային չի համարում ՝ նկատի ուենալով հատկապես այն հանգամանքը, որ   ՍԴ-ում շուտով առաջանալու է երկրորդ թափուր պաշտոնը:

Հունսիսին լրանալու է ՍԴ անդամներից  Վոլոդիա Հովհաննիսյանի  70 ամյակը, ինչը նշանակում է, որ ՍԴ ում երկրորդ թափուր տեղն է բացվելու: Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրումն այդ   երկրորդ տեղի շրջանակում է ՝ համոզված է փաստաբան Տիգրան Եգորյանը:

Նա կարծում է , որ  օրենքն ու Սահմանադրությունը նախագահին  ոչ միայն առաջադրման, այլ նաև այդ իրավունքը մինչև վերջ իրացնելու հստակ հնարավորություն են տալիս:  Այս տրամաբանությամբ ՝  ՍԴ դիմելու անհրաժեշտություն, ըստ փաստաբանի, չկա:

Back to top button