Վերլուծական

Ո՞ւմ էր ուղղված ռուսական դիվանագիտության սլաքը

Թեև ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի ղարաբաղյան խնդրի հետ կապված հայտարարությունից ու ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված ձևակերպումից մի քանի օր է անցել, սակայն Հայաստանում դեռ քննարկումները շարունակվում են:

Արձագանքները տարբեր են, ոմանք կարծում են թե իրականում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի արձագանքը արտացոլում է ՀՀ նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման մասին, մյուսները մինչդեռ հորդորում են ավելի շատ մտածել Հայաստանի շահերի մասին:

«Ձեր բարձրագոչ հայտարարությունները», թե «բարձրագոչ հայտարարությունները». առաջին հայացքից իրարից էականորեն չտարբերվող ձևակերպումները աղաղակող քննարկումների տեղիք են տվել: Խոսքը ադրբեջանցի լրագրողի հարցին ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Արտյոմ Կոժինի պատասխանի մասին է:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն առանց Ղարաբաղի մասնակցության՝ անհնար է»,- ՀՀ վարչապետի այս հայտարարությունը թերևս խուճապ է առաջացրել Ադրբեջանում և, ըստ այդմ, ադրբեջանցի լրագրողը հետաքրքրվում էր, թե այս հայտարարությունը որքանով է բարդացնում ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը:

Սրան ի պատասխան ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը արձագանքել էր, թե.

«Ընդհանրապես բարձրագոչ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում ԵԱՀԿ ռելսերի վրա, հավանաբար, ապակառուցողական են»:

Սակայն ԱԳՆ կայքում դրվել է մի փոքր այլ ձևակերպում, ավելացվել է՝ «Ձեր»  բառը:   «Ձեր բարձրագոչ հայտարարությունները»։

Ու այս փոքրիկ ձևակերպումը բազմաթիվ հարցեր է առաջացրել: Քաղաքական դաշտում ոմանք ռուս դիվանագետի բանավոր պատասխանը համարում են վարչապետ Փաշինյանի հասցեին Ռուսաստանի ԱԳՆ կոշտ գնահատական:  Սակայն գրավոր պատասխանում։ որը տեղադրվել է ՌԴ ԱԳՆ կայքում։ հստակ հասկացվում է, որ խոսքը ադրբեջանցի լրագրողի և առհասարակ այդ երկրից հնչող ռազմատենչ հայտարարությունների մասին է: Կարծիքներ են նշվում թե իբր Հայաստանից են հուշել՝ սխալը շտկելու մասին:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ձևակերպման գրել է, որ  Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցչի այսօրվա հայտարարությունը Հայաստանի նոր ղեկավարության արտահայտած տեսակետների հետ կապված՝ շատ մտահոգիչ է։

Նա գրել է,  որ վերջին 15 տարվա մեջ, ինչ զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ, չի հիշում Արցախյան հիմնախնդրին վերաբերող նման տեսակետ Հայաստանի ռազմավարական գործընկերոջ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի պաշտոնական ներկայացուցչի կողմից։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն արձագանքելով Աշոտյանի գրառմումներին նկատել է,  «Արդար չես, Աշոտյան: Սերժ Սարգսյանն էլ Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու մասին հայտարարություններ արել է, որը ողջունել ենք, մեր հերթին ու մակարդակում առաջ ենք տարել այդ թեզը, որովհետև դա ճիշտն է: Ու այստեղ հին ու նոր իշխանությունների հարց չէ, հեղափոխության հարց չէ: Մի բան եթե ճիշտ է, դրան պետք է ճիշտ ասել՝ կլիներ ասողը Սերժ Սարգսյանը, թե Նիկոլ Փաշինյանը: Այլ բան է, որ մեր դաշնակիցը երբեք իրեն լավ չի պահել, հատկապես Արցախի խնդրում»:

Ռադիոլուրի հետ զրույցում քաղաքագետ Թևան Պողոսյանը ճիշտ համարեց առհասարակ ՀՀ շահերից բխող քայլերի իրականացումը:

Բնական է՝  Ռուսաստանի ԱԳՆ- ն իր երկրի շահերից ելնելով պետք է արտահայտվի: ՀՀ-ում ժողովրդավարություն է, ազատ խոսքի իրավունք է և դա շատ լավ է ու դա արժեք է ու պետք է պահպանվի, սակայն, ըստ քաղաքագետի, յուրաքանչյուրը պետք է մտածի ՀՀ շահերի մասին:

Back to top button