Վերլուծական

Էրդողանի շանսերը առաջիկա ընտրություններում

Թուրքիայում հաշված օրեր են մնացել նախագահական ու խորհրդարանական ընտրություններին: Արդեն հայտնի են մասնակից կուսակցությունները եւ թեկնածուները։

Ըստ ԿԸՀ տվյալների, ընտրություններին կմասնակցեն նաեւ 4 հայ թեկնածուներ՝ Մարգար Եսայանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, Գարո Փայլանը և Լուդմիլա Բյույումը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից, Էլմաս Կիրակոսը՝ «Լավ» կուսակցությունից:

Ովքեր են Էրդողանի մրցակիցնեը:

 

Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը երեք հիմնական մրցակիցներ ունի՝ Մերալ Աքշեները, Մուհարրեմ Ինջեինը ու Սելահաթթին Դեմիրթաշը։ Թուրքագետները կարծում են, որ թեեւ երկրում ստեղված ներքաղաքական լարվածության, արտակարգ ռեժիմի, վարչական ռեսուրսի շնորհիվ Թուրքիայի ներկայիս նախագահը ընտրություններում բացարձակ ֆավորիտ է, սակայն մեկ բայց, այնուամենայնիվ, կա: Ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի, ընտրություններում Ժողովրդա-հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Մուհարրեմ Ինջեին կարող է փոխել Էրդողանի ծրագրերը:

«Հաշվի առնենք 3 իրողություն: Թուրքիայում տնտեսական վիճակը բավականին սրվել է: Ազգային արժույթը անկում է ապրում, որը կարող է բերել հասարակ քաղաքացիների մոտ հիասթափության ու հակազդեցություն: Երկրորդը՝ Էրդողանի բռնատիրական հակումները գնալով մտահոգիչ են դառնում հասարակության չեզոք շերտերի համար անգամ: Եվ երրորդ իրողությունը՝ Թուրքիային թարմ քաղաքական առաջնորդներ, գործիչներ են պետք, որը կարող է աշխատել հօգուտ Ինջեի: Հասարակությունը հոգնել է Էրդողանին տեսնել տարբեր ձեւաչափերով ընտրություններին»:

Հետեւելով թուրքական մամուլի արձագանքին ու նյութերին՝ կարող ենք ասել, որ հիմնական ընտրապայքարն սպասվում է Ինջեի եւ Էրդողանի միջեւ: Մամուլը, մասնավորապես, ընդգծում է պահպանողական հատվածի հետ լեզու գտնելու Մուհարրեմ Ինջեի ունակության մասին, որը հատուկ չի եղել աշխարհիկ քեմալական կուսակցությանը:

Մամուլը գրում է, որ ավանդապաշտ ընտանիքում ծնված Ինջեն նամազ է անում, սակայն, միևնույն ժամանակ, ալկոհոլ էլ է օգտագործում: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, կանխատեսելով ընտրությունների սցենարը, կարծում է, որ նախագահական ընտրություններում 2-րդ փուլ կլինի՝ չբացառելով Ինջեի օգտին համախմբվելու հավանականությունը:

«Էրդողանը կստանա շատ ձայներ, բայց ոչ 50+1։ Ու կստեղծվի անկանխատեսելի վիճակ: Էրդողանի գծած Սահմանադրությունը կարող է դառնալ քաղաքական անսպասելի զարգացումների կիզակետ, եւ այն ծրագրերը ու նպատակները, որոնք ամրագրվել էին Սահմանադրությամբ, իր համար չաշխատեն»:

Ինչ վերաբերում է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությանը՝ ի դեմս նախկին համանախագահ, թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշի, ապա նա կանգնած է ծանր փորձության առջեւ: Ինչպես արեւելագետներն են պնդում, 2016 թվականից բանտում գտնվող Դեմիրթաշը մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններում չէ, բայց հետեւորդների մեծ բանակ ունի։

«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը խորհուրդ է տալիս սպասել ընտրություններին, քանի որ, ըստ նրա, ժողովուրդը կարեւորում է քաղաքական կայունությունը:

Նորաստեղծ ընդդիմադիր «Լավ» կուսակցության հիմնադիր ու նախագահ Մերալ Աքշեները, որը ժամանակին Թուրքիայի ներքին գործերի նախարարն էր, նույնպես վայելում է ընտրազանգվածի համակրանքը։ Հարցումների համաձայն՝ նա ունակ է խորհրդարանական ընտրություններում հաղթահարել պահանջվող նվազագույն 10 տոկոսի շեմը։

Back to top button