Հասարակություն

Որն է տեխզննության կտրոնի թանկացման պատճառը


Տեխզննության կտրոնն այս տարի գնող վարորդները նկատել են, որ այն թանկացել է։ «Ռադիոլուրը» գնաց բողոքների հետքերով։ Պարզվեց, որ թանկացել է բնապահպանական վճարը, այլ ոչ թե տեխզննության կտրոնը։

Ուղղակի վճարները կատարվում են մեկ կտրոնով։ Բնապահպանական վճարների եւ տեխզննության անհրաժեշտությանն հետքերով է գնացել «Ռադիոլուրը»:

 

 

Վարորդ Սուրեն Հարությունյանը Էրեբունի վարչական շրջանի  թաղապետարանում տեխզննման կտրոնի  վճարման ժամանակ է իմացել, որ շահագործման պիտանիության փաստաթուղթը թանկացել է:

«Ես էլ չմուծեցի, գնացի բանկ՝ մտածելով, որ թաղապետարանում  երևի ավել գումար են վերցնում: Գնացի «Հայբիզնեսբանկ», այնտեղ էլ ասեցին, որ 13800 դրամ է: Ասեցի պատճառն ինչումն է, որ թանկացել է, կբացատրեք: Ասացին, սա թուղթն է, ֆինանսների նախարարն է թանկացրել: Բնապահպանական հարկի համար է»: 

Նախկինում նույն կտրոնի համար  վարորդ զրուցակիցս վճարել է  9300 դրամ: Սակայն այս անգամ  տեխզննման կտրոնը թանկացել է մոտ  5000 դրամով: Վարորդների աղմուկին, որ թանկացել են տեխզննման կտրոնները, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորիտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց՝ թանկացել է բնապահպանական վճարը, որը տեխզննման վճարի հետ միաժամանակ է գանձվում:

«Դա տեխնիկական զննության հետ որևէ կապ չունի: Պետք չի դա կապել տեխնիկական զննության կտրոնի թանկացման  հետ: Այդ դեպքում, ինչու՞ են բնապահպանական հարկը և տեխնիկական զննության վճարը միասին գանձել տալիս: Հետաքրքիր հարց է, այդպես է դրված, որպեսզի հնարավոր լինի, այդ գումարը գանձել»:  

Թե երբ է թանկացել բնապահպանական վճարը, Դավիթ Մելքոնյանը դժվարացավ պատասխանել: Բնապահպանական վճարների թանկացման և այն տեխզննման  վճարների հետ միաժամանակ գանձելու  վերաբերյալ փորձեցինք  պարզաբանում ստանալ Ֆինանսների նախարարությունից: Ասացին, որ նախտատեսում են կրճատել բնապահպանական  վճարը, հունիսի 5- ին այդ հարցով խորհրդակցություն են հրավիրել։ Ամեն տարի վարորդները վճարում են տեխզննության համար, սակայն  իրականում մեքենաները որևէ  ստուգում չեն անցնում: Կտրոնն էլ տրամադրում է թաղապետարանը՝ առանց մեքենան տեսնելու:  Մի քանի տարի առաջ որոշվեց, որ տեխզննության կտրոնը պարտադիր է, իսկ մեքենան զննելը՝ վարորդի ցանկությամբ։

Տրանսպորտի նախարարության պատասխանատուն «Ռադիոլուր»-ին պարզաբանեց, որ  վարորդներին միշտ են հորդորել տեխնիկական զննության կտրոնը գնելուց հետո մեքենան տանել տեխնիկական զննության: Այն, որ հորդորին ոչ բոլոր վարորդներն են  հետևում, Դավիթ Մելքոնյանն ինքն էլ փաստեց:

«Եթե վարորդը չի գնում տեխնիկական  զննության անցկացնելու, այդ դեպքում ինչու՞ է վճարում մի ծառայության համար, որը չի կատարել: Որովհետև տեխնիկական զննությունը ՀՀ-ում պարտադիր է»:

Էրեբունի վարչական շրջանում գտնվող  տեխզննման կայանում մեր այցի ժամանակ մեքենա չկար: Աշխատակիցը չցանկացավ ձայնագրվել, սակայն զրույցի ժամանակ նշեց, որ լինում են վարորդներ, ովքեր տեխզննման կտրոնը գնելուց հետո մոտենում են մեքենայի տեխնիկական  վիճակը ստուգելու համար: Նրանց թիվը մեծ չէ՝ շեշտեց։

Back to top button