Տնտեսական

Հայաստանում ներդրումները դառնում են առավել գրավիչ


Հայաստանում ներդրումները դառնում են առավել գրավիչ: Այս կարծիքին են Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախաձեռնությամբ համախմբված ԵԱՏՄ երկրների տնտեսվարողներից շատերը:

Շուրջ 50 խոշոր կազմակերպության ներկայացուցիչներ մինչեւ հունիսի 4-ը Ծաղկաձորում քննարկելու են Հայաստանի հետ եւ Հայաստանի միջոցով համագործակցության տարբեր հնարավորությունները:

Կլինեն քննարկումներ, «բիթուբի» կոչվող հանդիպումներ, որոնցում, սովորաբար, հիմնվում են նաեւ համատեղ գործընկերություններ: Արդյունքները կամփոփվեն ու առաջարկներ կներկայացվեն ԵԱՏՄ քարտուղարությանը:

«ԵԱՏՄ-Հայաստան. Համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովին այսօր ներկա է գտնվել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Հայաստանը, իսկապես, դարձել է այն օղակը, որը կարող է համատեղելով-համադրելով ապահովել փոխադարձ մուտքը երկու տարբեր միությունների՝ ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ: Այստեղ նաեւ լրացուցիչ հնարավորություններ են բացվել՝ Իրանի հետ ազատ տնտեսական գոտու գործունեությամբ:

Կարելի է բերել հազար պատճառ՝  բիզնեսի չկայացման համար, բայց դրա կայացման պատճառը, վերջիվերջո, մեկն է՝ ցանկությունը,-ասաց Բելառուսի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Ալեքսանդր Ֆեդորչուկը՝ շեշտելով, որ խնդիրները հաջողությամբ լուծելի են: Կարծում է, որ հերթական քննարկումներն էլ կոնկրետ գործերի կվերածվեն ու կաշխատեն երկար:

Ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ աճել է նվազագույնը 30 տոկոսով, իսկ Հայաստանից արտահանումը Ռուսաստան՝ աճել է 57 տոկոսով՝ սա  որպես ԵԱՏՄ-ի կայացման ցուցանիշերից մեկը շեշտեց  Ռուսաստանի առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:

Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի խոսքով՝ հերթական համաժողովում ակնկալում են նաեւ, որ գործարարները համատեղ ձեռնարկությունների եւ կոոպերատիվների ստեղծման հիմքեր կդրվեն:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ կարեւորագույն հարցերից մեկը տնտեսությունների համախմբումն է՝ միավորված ուժերով հանդես գալու գաղափարի շուրջ: Այդ առումով՝ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությունը բավականին հաջողված է, քանի որ արդեն այն ավանդույթ է դարձել եւ հաջողված քննարկումներ են ընթանում նաեւ գործ դառնում պոտենցիալն իրացնելու առումով:

Խնդիրը ոչ միայն բիզնես միջավայրն է ու մթնոլորտը, այլ նաեւ այն հնարավորությունները, որոնք տալիս են Իրանի հետ շփումները, ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրերը:

Ռուսական փոքր եւ միջին արտահանողների ասոցիացիայի ներկայացուցիչ Յուրի Շուռիգինին լսենք.«Կան ռուսական ընկերություններ, որոնք ցանկանում են դուրս գալ Իրան, սակայն, նրանք ծանոթ չեն այնտեղի մենթալիտետին: Հայկական կողմը առաջարկել է լուծել եւ այդ ընկերությունները կխոսեն այդ մասին: Այսինքն, այնտեղ, որտեղ ինքներս չենք կարող՝ այդ խնդիրները լուծելու համար պատրաստ ենք դիմել հայ գործընկերնեին»:

Արծվիկ Մինասյանի խոսքով, ԵԱՏՄ-ում երրորդ երկրների ներգրավման հարթակ ստեղծելու առումով Հայաստանի դերը բավականին բարձր է, քանի որ ունի մի շարք առեւտրային ռեժիմների առավելություններից օգտվելու հնարավորություն:

«ԵԱՏՄ-Հայաստան. Համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովի քննարկումների արդյունքները կամփոփվեն ու առաջարկներ կներկայացվեն ԵԱՏՄ քարտուղարությանը՝ հստակ գործնական քայլեր արձանագրելու համար:

Back to top button